Рейтинг@Mail.ru
USD
382.54
EUR
441.83
RUB
4.7262
GEL
141.43
2025 թ. նոյեմբերի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում, հնարավոր է, խստացվեն կաթնամթերքի արտադրության չափանիշները

02.09.2025, 10:42
ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մի շարք կաթնամթերք՝ մասնավորապես պանիր արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Հայաստանում, հնարավոր է, խստացվեն կաթնամթերքի արտադրության չափանիշները

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի մի շարք կաթնամթերք՝ մասնավորապես պանիր արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրական գործընթացներում անվտանգության չափանիշների խստագույնս պահպանման, ՎՎՀԿԿ (HACCP) համակարգի ներդրման կարևորության, ինչպես նաև արտահանման հնարավորությունների ընդլայնման հետ կապված հարցեր։ 

Հայկ Սարգսյանը, շեշտել է, որ Տեսչական մարմինը հետևողական է լինելու սպառողին որակյալ ու անվտանգ կաթնամթերքի մատակարարումն ապահովելու հարցում՝ գործադրելով վերահսկողության բոլոր հասանելի գործիքները: 

Մասնավորապես, հստակ ցուցում է տրվել պահպանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված կաթնայուղի փոխարինիչի օգտագործման հստակ չափաբաժինը և համապատասխան մակնշման պահանջը։ 

ՍԱՏՄ պաշտոնյան տեղեկացրել է, որ սեպտեմբերի 15-ից Տեսչական մարմինը խնդրին անդրադառնալու է իրացման կետերում կաթնամթերքի դարակաշարերին ներկայացվող պահանջների ստուգման շրջանակում և արդյունքում, անհամապատասխանություններ գրանցելու դեպքում, հետագծելի վերահսկողություն է իրականացնելու համապատասխան արտադրողների մոտ։ 

Նա նաև վստահեցրել է, որ շարունակվելու է աջակցությունը արտադրողներին՝ արդիական պահանջներին համապատասխան անվտանգ արտադրանք ապահովելու և հայկական պանրի մրցունակությունը միջազգային շուկայում բարձրացնելու համար։ 

Պանիր արտադրողները խոսել են ոլորտում առկա խնդիրների մասին, ներկայացրել առաջարկներ՝ ընդգծելով պետական մարմնի հետ կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը։ 

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել համագործակցության մթնոլորտում աշխատելու, քննարկված հարցերի լուծմանը պատասխանատվությամբ մոտենալու պայմանավորվածություն: