Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀԲ–ի` Հայաստանի հարկային վարչարարության բարելավման ծրագիրը թույլ կտա 2,3-5,8%–ով ավելացնել հարկերի մասնաբաժինը ՀՆԱ–ում

20.02.2013, 17:02
Համաշխարհային բանկի` Հայաստանի հարկային վարչարարության բարելավման ծրագիրը թույլ կտա 2,3-5,8%–ով ավելացնել ՀՆԱ–ում հարկերի մասնաբաժինը, հայտնեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին։  
ՀԲ–ի` Հայաստանի հարկային վարչարարության բարելավման ծրագիրը թույլ կտա 2,3-5,8%–ով ավելացնել հարկերի մասնաբաժինը ՀՆԱ–ում
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի` Հայաստանի հարկային վարչարարության բարելավման ծրագիրը թույլ կտա 2,3-5,8%–ով ավելացնել ՀՆԱ–ում հարկերի մասնաբաժինը, հայտնեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին։  
Հայաստանի` 2013 թվականի պետբյուջեի համաձայն, ՀՆԱ–ում հարկերի մասնաբաժինը նախատեսված է 21.88 տոկոս` 2012 թվականի 17.36 տոկոսի դիմաց։

«Շատ ժամանակ չի անցել այն պահից, երբ ՀԲ–ն հաստատել է հարկային վարչարարության և կառավարման արդիականացման ծրագիրը։ Այդ ծրագրի միջոցով մենք պատրաստ ենք օժանդակել կառավարությանը հարկային եկամուտների ներուժի իրացման նպատակով։ ՀԲ–ի գնահատականներով, դա ՀՆԱ 2.3-5.8 տոկոսն է»,– ասաց նա չորեքշաբթի ՀԲ–ի ծրագրի օժանդակմանն ուղղված USAID քառամյա ծրագրի շնորհանդեսին։

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում մեկնարկել է հարկային լայնածավալ բարեփոխումների գործընթաց, որն իրականացվում է միջազգային դոնորների հետ ակտիվ համագործակցությամբ։

Ինչպես հայտնեց Խաչատրյանը, USAID ծրագիրն ուղղված է ՀԲ ծրագրի տեխնիկական օժանդակության ապահովմանը, որի համաձայն կիրագործվեն միջոցառումներ Ֆինանսների նախարարության ներուժի ավելացման ուղղությամբ հարկային արդյունավետ քաղաքականության ձևավորման գործում, ՊԵԿ–ի հնարավորությունների ավելացման ուղղությամբ հարկային վարչարարության իրականացման, ինչպես նաև պետության և մասնավոր հատվածի միջև երկխոսության մակարդակի բարձրացման գործում։

«Միջազգային փորձագետները կօգնեն Ֆինանսների նախարարությանը տիրապետել հարկային քաղաքականության և հարկային վարչարարության մշակման հմտություններին` միջազգային լավագույն փորձին համապատասխան, ինչպես նաև ներդնել և կիրառել ՏՏ–տեխնոլոգիաներ հարկային մարմինների աշխատանքում»,– ավելացրեց նա։

Հայաստանի Ազգային ժողովը 2012 թվականի դեկտեմբերի 4–ին վավերացրել է «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր» համաձայնագիրը, որի շրջանակներում Զարգացման միջազգային ասոցիացիան (Համաշխարհային բանկի հիմնադրամ) Հայաստանին 12 մլն վարկ է հատկացրել։

Միջոցներն ուղղված են հարկային ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը, մասնավորապես, նոր սարքավորումների և սերվերների գնմանը, ինչպես նաև «Հարկատու-3» տեղեկատվական մոդուլի կատարելագործմանը։ -0-