Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՀՀ խորհրդարանը ավարտեց պետբյուջեի նախագծի քննարկումները, վարչապետը շնորհակալություն հայտնեց ընդդիմությանը քննադատության համար

15.11.2012, 16:25
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հինգշաբթի հանդես գալով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումներն ավարտող եզրափակիչ խոսքով, շնորհակալություն հայտնեց խորհրդարանական ընդդիմությանը 2013 թվականի պետբյուջեի նախագծի կառուցողական քննադատության համար:
ՀՀ խորհրդարանը ավարտեց պետբյուջեի նախագծի քննարկումները, վարչապետը շնորհակալություն հայտնեց ընդդիմությանը քննադատության համար
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հինգշաբթի հանդես գալով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումներն ավարտող եզրափակիչ խոսքով, շնորհակալություն հայտնեց խորհրդարանական ընդդիմությանը 2013 թվականի պետբյուջեի նախագծի կառուցողական քննադատության համար:

Պետբյուջեի նախագծի քվեարկությունը կսկսվի ոչ վաղ, քան դրա քննարկումների ավարտից չորս օր անց: 24 ժամվա ընթացքում պատգամավորները դեռ կկարողանան կառավարությանը ներկայացնել փաստաթղթի լրամշակման առաջարկություններ:

«Վստահ եմ, որ կառավարության հասցեին հնչած հիմնական քննադատությունը բխում էր հանրապետության բնակիչների բարեկեցությունը բարելավելու լավագույն մղումներից և ձգտումներից: Մենք շնորհակալ ենք այդ քննադատության համար»,- ասաց նա:
 
Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց նաև այն պատգամավորներին, ովքեր արդեն մոտ 60 առաջարկ են ներկայացրել պետբյուջեի նախագծի վերաբերյալ, որոնցից մի քանիսը կընդունվեն: «Մենք երբեք չենք հավակնել բացարձակ ճշմարտացի լինել և պատրաստ ենք երկխոսության»,- ավելացրեց նա:

Սարգսյանն ընդգծեց, որ կառավարությանն ուղղված քննադատությունը հիմնականում կապված էր սոցիալական ոլորտին հատկացվող միջոցների ոչ բավարար ծավալի հետ:

«Կառավարությունն իր վրա չի վերցնում այնպիսի սոցիալական պարտավորություններ, որ ի վիճակի չլինի կատարել: Շատ մեծ էր ընտրությունների նախաշեմին այնպիսի բյուջե ներկայացնելու գայթակղությունը, որը կենթադրեր աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների կտրուկ ավելացում: Բայց մենք խուսափեցինք այդ գայթակղությունից, քանի որ քաղաքացիների առջև պատասխանատվության նոր աստիճան ունենք, և մեր գերխնդիրը երկիրն ավելորդ ռիսկերից զերծ պահելն է»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով, 2013 թվականի պետբյուջեի նախագիծը հիմքեր է դնում արմատական բարեփոխումների իրականացման համար:

«Սա պետբյուջեի նախագծի առաքելությունն է, և այն կազմված է հենց այդ գաղափարով: Մենք մեզ վրա որևէ ռիսկային պարտավորություն չենք վերցնում, բայց պարտավորվում ենք արմատական բարեփոխումներ իրականացնել: Հենց դրանից ելնելով՝ ես փորձում եմ ընդդիմության կողմից հնչող քննադատությունում գտնել այն ռացիոնալ տարրը, որ կարող է մեզ օգնել բարելավելու պետբյուջեի նախագիծը և տնտեսական բարեփոխումներ իրականացնել»,- ընդգծեց Սարգսյանը:

Հայաստանի՝ 2013 թվականի համախմբված պետբյուջեի եկամուտները ծրագրվում է հաստատել 1 տրլն 31 մլրդ դրամի, ծախսերը՝ 1 տրլն 151 մլրդ դրամի մակարդակում: Պակասուրդը սահմանվել է շուրջ 120 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 2,6 տոկոս մակարդակում: Հարկային եկամուտների և պետտուրքերի գծով մուտքերը 2013 թվականին նախատեսված են 992,9 մլրդ դրամի չափով, ինչը 118,6 մլրդ դրամով շատ է, քան 2012 թվականի ծրագրված ցուցանիշը:

12-ամսյա գնաճի ցուցանիշը կանխատեսվում է 4±1,5 տոկոսի սահմաններում, իսկ ՀՆԱ աճը՝ 6,2 տոկոսի սահմաններում: -0-