ՀՀ-ն և ԱՄՆ-ն կստեղծեն կոնսորցիում TRIPP նախագիծն իրականացնելու համար
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Հայաստանը և Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել կոնսորցիում՝ ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Այս կոնսորցիումն իր հերթին կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերությունների՝ այս կամ այն աշխատանքը կատարելու կամ ամբողջ անցուղու համար այս կամ այն ծառայությունը մատուցելու համար։ Այս մասին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում լեհական TVP World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Կոնսորցիումը կարող է իրականացնել, կառուցել և այնուհետև շահագործել նաև խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և այլն»,-ասել է նա։
Նախարարի խոսքով՝ հայկական կողմը այժմ պետք է համաձայնեցնի անցուղու և այն ընկերության տեխնիկական լուծումները, տեխնիկական մանրամասները ԱՄՆ պատվիրակության կամ խմբի հետ։
«Մենք արդեն սկսել ենք քննարկումներ մեր ամերիկյան գործընկերների հետ։ Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին կարող ենք ավարտին հասցնել այս գործընթացը, և դրանից հետո պետք է մեկնարկի շինարարությունը»,-ասել է նա։
«Այսպիսով, բոլոր պայմանավորվածությունները փոխադարձ են լինելու։ Օրինակ՝ մենք նույնպես պատրաստվում ենք օգտագործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը՝ Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար։ Ներկայումս նման երկաթուղային կապ գոյություն չունի»,-մանրամասնել է նախարարը։