ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը 2026թ․–ին կարող է հասնել 25%–ի․ Ֆիննախ

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը 2026 թվականին կարող է հասնել 25%-ի, հայտարարեց հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Մենք կփորձենք, եթե ոչ հասնել, ապա շատ մոտենալ թիրախային ցուցանիշին։ Մենք չենք փորձել հասնել մեր նպատակին այնպիսի ձևով, ինչը բացասական ազդեցություն կունենար մեր տնտեսվարող սուբյեկտների վրա և չենք ճնշում վարչարարության վրա, չենք բարձրացրել հարկերը։ Մենք ունեցել ենք հետաձգված հարկային պարտավորություններ, այդ թվում՝ շինարարության ոլորտում», - ասաց նա երկուշաբթի խորհրդարանում 2024 թ․–ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։
Ավելի վաղ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ 2024 թվականին հարկային եկամուտները, 2023 թվականի համեմատ, աճել են 5.1%-ով, իսկ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 0.5 տոկոսային կետով նվազել է և կազմել 23.6%: Նրա խոսքով՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 1.3 տոկոսային կետով ցածր էր նախատեսված տարեկան ցուցանիշից՝ զիջելով միջնաժամկետ թիրախային ցուցանիշին։
Հովհաննիսյանը նշեց, որ ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցության նվազումը պայմանավորված էր տնտեսության մեջ որոշակի կառուցվածքային փոփոխություններով, մասնավորապես՝ արտահանման ոլորտում։
ՊԵԿ ղեկավար Էդուարդ Հակոբյանն իր հերթին որպես ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցության կրճատման պատճառ նշեց ժամանակային ճեղքվածքը։ Բանկային համակարգը և շինարարության ոլորտն ունեցել են աճի բարձր տեմպեր, որոնցից ստացված հարկերը կփոխանցվեն բյուջե այս տարի։
Նա նաև հայտնեց, որ հարկային մարմինների կողմից հավաքագրված միջոցների առումով 2024 թվականին աճը կազմել է 11.2%, որը գերազանցում է տնտեսական աճի տեմպը, մինչդեռ մաքսային առումով գրանցվել է մոտ 15% անկում։ Սա, նրա խոսքով, վկայում է սահմանին առկա որոշ օբյեկտիվ խնդիրների մասին։ «Հիմնականում խոսքը մեքենաների և ծխախոտի ներկրման ոլորտում գրանցված նվազման մասին է», - ասաց Հակոբյանը։
Միաժամանակ, ըստ գերատեսչության ղեկավարի, 2025 թվականի հունվարի–մայիսին հավաքվել է մոտ 142 միլիարդ դրամի հարկ (աճը՝ 14.4%):