Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+35

«Լիբոր» տոկոսադրույքի խարդախությունների շուրջ առաջացած աղմուկը «խաթարում է շուկաների վստահությունը», կարծում են ԱՄՀ-ում

17.07.2012, 11:46
«Լիբոր» (LIBOR - London Interbank Offered Rate, Լոնդոնյան առաջարկվող միջբանկային դրույքաչափ) բանկային հաշվառման դրույքի խարդախությունների շուրջ առաջացած աղմուկը վտանգավոր է նախևառաջ այն պատճառով, որ «խաթարում է շուկաների վստահությունն ու այն առանցքային ինդիկատորների հանդեպ եղած վստահությունը, որոնք կիրառվում են բազմաթիվ պայմանագրերի արժեքը որոշելու համար»։
«Լիբոր» տոկոսադրույքի խարդախությունների շուրջ առաջացած աղմուկը «խաթարում է շուկաների վստահությունը», կարծում են ԱՄՀ-ում
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Լիբոր» (LIBOR - London Interbank Offered Rate, Լոնդոնյան առաջարկվող միջբանկային դրույքաչափ) բանկային հաշվառման դրույքի խարդախությունների շուրջ առաջացած աղմուկը վտանգավոր է նախևառաջ այն պատճառով, որ «խաթարում է շուկաների վստահությունն ու այն առանցքային ինդիկատորների հանդեպ եղած վստահությունը, որոնք կիրառվում են բազմաթիվ պայմանագրերի արժեքը որոշելու համար»։  Երկուշաբթի ԱՄՀ-ի կենտրոնակայանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին պատասխանելով, նման կարծիք է հայտնել պրոֆիլային դեպարտամենտի տնօրեն և այդ միջազգային կազմակերպության գլխավոր ֆինանսական խորհրդական Խոսե Վինյալսը։  

«Հատկապես այդ պատճառով կարևոր է, որ այն ջանքերը, որոնք այժմ տարվում են ֆինանսական ինստիտուտների կարգավորման համար, ավարտին հասնեն, -ասել է նա՝ նկատի ունենալով  առաջատար համաշխարհային տերությունների «մեծ քսանկյակի» կողմից սկսած բարեփոխումների գործընթացը, -որպեսզի կարգավորման այդ միջոցներն անհապաղ կյանքի կոչվեն։ Եվ որպեսզի բացի կարգավորումից պատշաճ հսկողություն ապահովվի, որը թույլ կտա վստահ լինել, որ ֆինանսական ինստիտուտներում գոյություն ունի ներքին կարգուկանոն, որի համաձայն նման բան ապագայում չի կարող կրկնվել։ Լինի դա ԼԻԲՈՐ-ի դրույքը կամ որևէ այլ հարց»։
   
Պատասխանի իմաստը հասկանալի է. կատարվածը վրդովեցնող է, և այդ պատճառով անհրաժեշտ է ամրապնդել միջազգային ֆինանսական համակարգը, որն էլ մարմանվորում է հենց ԱՄՀ-ն։ Սակայն հարցի իմաստն այլ էր. արդյո՞ք «Լիբորի» շուրջ առաջացած աղմուկը և ԱՄՆ-ի ու Արևմտյան Եվրոպայի քաղաքական վեճերը, որոնք սպառնում են քանդել «ազատ շուկաների» ներկա համակարգը, վկայությունը չեն այն բանի, որ վստահության համակարգային ճգնաժամ է հասունանում։ Այդ մասին Վինյալսը ոչինչ չի ասել, ինչն իր հերթին զարմանալի չէ։

«Լիբորը» համաշխարհային ֆինանսական շուկայի առանցքային գործիքն է։ Դրույքը որոշվում է խոշորագույն համաշխարհային բանկերի տեղեկատվության հիման վրա և ելակետ է ծառայում վարկի և բազմաթիվ ածանցյալ արժեթղթերի արժեքը որոշելու համար։ Համարվում է, որ դրա վրա են հիմնվում մի քանի հարյուր տրիլիոն դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագրերը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
   
Պարզվում է, որ 2007թ.-ի վերջին Ուոլ սթրիտում առաջացած և այդտեղից ողջ աշխարհում տարածված ֆինանսական տնտեսական ճգնաժամի ժամանակ «Լիբոր» դրույքը նախաձեռնող բանկերը ղեկավարում էին այն, մասնավորապես՝ սեփական փոխառությունների արժեքը նվազեցնելու համար։ Բրիտանական «Բարկլիզը» արդեն դրա համար 453 մլն դոլարով  տուգանվել է  ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի վերահսոկող մարմինների կողմից։ «Ֆայնէնշլ թայմս» թերթի հաղորդագրության համաձայն,  ընդհանուր առմամբ խմբի բանկերին սպառնում է 22 մլրդ դոլար գումարի չափով տուգանք։

Օրերս հայտնի դարձավ, որ 2008թ.-ի ապրիլին «Լիբորի» հետ կապված հնարավոր մեքենայությունների մասին տեղեկացվել է ԱՄՆ գերագույն ֆինանսական ղեկավարությունը։ Այդ թեմայով վերլուծական գրությունն ուղարկվել էր Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի նախագահ Տիմոտի Հայթներին, ով այժմ գլխավորում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ -0-