Մադրիդում կանցկացվի AMWC2025 հայկական համաշխարհային բժշկական համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի AMWC2025 համաժողովը։
Ինչպես հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն, միջոցառումը միավորելու է առողջապահության ոլորտի մասնագետներին, ներդրողներին և կազմակերպություններին՝ Հայաստանի առողջապահական զարգացմանն ու համագործակցությանը նպաստելու նպատակով։
Կոնգրեսին մասնակցելու են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի հանձնառությունը՝ բժշկական զբոսաշրջության և առողջապահական նորարարությունների խթանման ուղղությամբ։
«Բժշկությունը շարժման մեջ. Գիտական պատկերացումները՝ գործողության վերածելով» խորագրով համաժողովը կլինի համագործակցության, գիտելիքների փոխանակման և նոր ծրագրերի մեկնարկի միջազգային հարթակ։
AMWC2025 միջազգային համաժողովի շրջանակում, էսթետիկ և պլաստիկ բժշկությանը նվիրված հատվածը կլինի ուղղված զբոսաշրջության խթանմանը, որը ևս մեկ կարևոր հնարավորություն է ներկայացնելու Հայաստանը՝ որպես բժշկական զբոսաշրջության ուղղություն։