Рейтинг@Mail.ru
USD
382.12
EUR
443.79
RUB
4.7327
GEL
141.24
2025 թ. նոյեմբերի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

Փաշինյան. «Թրամփի ուղին» Հայաստանին խոստանում է մեծ ներդրումներ, ֆինանսական օգուտներ, տնտեսական զարգացում

18.08.2025, 19:34
Այս ծրագրի իրականացման արդյունքում միջազգային երկաթուղիները, մայրուղիները, խողովակաշարերը և էլեկտրահաղորդման գծերը կանցնեն ՀՀ-ի տարածքով, ասել է  Փաշինյանը
Փաշինյան. «Թրամփի ուղին» Հայաստանին խոստանում է մեծ ներդրումներ, ֆինանսական օգուտներ, տնտեսական զարգացում

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/ԱՌԿԱ/․  «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագիրը Հայաստանին խոստանում է մեծ ներդրումներ, ֆինանսական օգուտներ, տնտեսական զարգացում և նրա դերի հետագա բարձրացում, երկուշաբթի ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս ծրագրի իրականացման արդյունքում միջազգային երկաթուղիներ, մայրուղիներ, խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր կանցնեն Հայաստանի տարածքով։

«Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում ավելի քան 30-ամյա շրջափակումից հետո ՀՀ-ն ապաշրջափակվում է. մի արդյունք, որը, կարծում եմ՝ աներևակայելի կարող էր համարվել ոչ հեռավոր անցյալում: Տարբեր հարցեր են հնչում այն մասին, թե ինչպես և ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսինքն` ինչ տեսք է ունենալու ճանապարհների բաց լինելը, որը ևս մեզ համար, ըստ էության, անծանոթ երևույթ է: Վաշինգտոնի հռչակագրի տեքստը լիարժեք տալիս է այս հարցի պատասխանը. տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն: Ահա այն սկզբունքները, որոնց շրջանակում պետք է տեղի ունենա ճանապարհների բացումը Հայաստանի և Ադրբեջանի միջև», - նշել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ սա նշանակում է, որ հաղորդակցության ուղիների վերականգնման, կառուցման հատվածներում նախ պետք է հստակեցվի, սահմանազատվի և սահմանագծվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանը: Իսկ սահմանն ունի իր պարտադիր ատրիբուտները՝ սահմանապահ, մաքսակետ և այսպես շարունակ:

Նա ընդգծել է, որ սա մեզ համար մտահոգության առիթ չէ, որովհետև Վաշինգտոնի հռչակագրի երրորդ կետում արձանագրվել է նաև փոխադարձության սկզբունքը, և սա երաշխիք է, որ Ադրբեջանի հետ կգտնենք բալանսավորված և փոխընդունելի լուծումներ:

«Եվ սա երաշխիք է, որ Ադրբեջանի հետ կգտնենք բալանսավորված և փոխընդունելի լուծումներ»,-ասել է վարչապետը։

Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։

Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։