Рейтинг@Mail.ru
USD
360.54
EUR
398.4
RUB
4.3927
GEL
138.94
2026 թ. նոյեմբերի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Swedfund շվեդական պետական հիմնադրամն առաջարկում է փորձագիտական աջակցություն Երևանի մետրոպոլիտենի արդիականացման հարցում

06.10.2026, 15:57
Երևանի մետրոպոլիտենի և Swedfund շվեդական պետական հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հնարավորությունները Երևանի մետրոյի զարգացման և արդիականացման ոլորտում
Swedfund շվեդական պետական հիմնադրամն առաջարկում է փորձագիտական աջակցություն Երևանի մետրոպոլիտենի արդիականացման հարցում

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի մետրոպոլիտենի և Swedfund շվեդական պետական հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հնարավորությունները Երևանի մետրոյի զարգացման և արդիականացման ոլորտում։

Բանակցություններին մասնակցել են Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/ պ Բաբկեն Սեդրակյանը, «Swedfund International»-ի տրանսպորտային ոլորտի ղեկավար Կամիլա Լուդին և խորհրդական Դանիել Նևեսը, հաղորդում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում Swedfund-ի ներկայացուցիչները ներկայացրել են կազմակերպության գործունեությունն ու տրանսպորտային ոլորտում ունեցած փորձառությունը, ինչպես նաև նշել համագործակցության հնարավոր ուղղությունները։ 

Մասնավորապես, Swedfund-ի ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել մետրոպոլիտենին փորձագիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների միջոցով, որոնք կարող են հիմք ծառայել զարգացման ծրագրերի մշակման և հետագա քայլերի պլանավորման համար։ 

Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ համագործակցության հնարավոր ուղղություններն ավելի հստակեցնելու և Երևանի մետրոպոլիտենի զարգացմանն ուղղված ծրագրերում մասնագիտական փորձառություն ներգրավելու հնարավորություններն ուսումնասիրելու համար։ 

Երևանի մետրոպոլիտենի մասին

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը հիմնադրվել է 1981 թվականին: Ներկայումս Երևանում գործում է մետրոյի 10 կայարան: Մետրոպոլիտենի բոլոր գծերի ընդհանուր երկարությունը կազմում է 13,4 կմ: Շաբաթական մետրոպոլիտենը փոխադրում է միջինում 515-520 հազար ուղևոր: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դիտարկվում է առնվազն չորս նոր կայարանների հայեցակարգը: Դրանց թվում են «Աջափնյակ» և «Սուրմալու» կայարանները, այնուհետև գիծը պետք է անցնի «Աջափնյակով» և ապագա Ակադեմիական քաղաքով, միանա «Չարբախ» կայարանին՝ ստեղծելով օղակաձև երթևեկության հնարավորություն:

Swedfund-ի մասին

Swedfund-ը զարգացման ֆինանսավորման շվեդական պետական ինստիտուտ է, որը հիմնադրվել է 1979 թվականին: Նրա հիմնական առաքելությունն է ներդրումների միջոցով նպաստել զարգացող երկրներում աղքատության նվազեցմանը և կայուն զարգացմանը: Swedfund-ը ներդրումներ է կատարում մասնավոր հատվածում, ինչպես նաև Project Accelerator ծրագրի միջոցով աջակցություն է տրամադրում կայուն ենթակառուցվածքային նախագծերի նախապատրաստման գործում: