Ծաղիկ արտահանող ևս 5 ընկերություն ՌԴ արտահանման թույլտվություն է ստացել
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր), կողմից հայկական ծաղկի ջերմոցային տնտեսություններում անցկացված համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումների արդյունքում ևս 5 կազմակերպության (մոտ 18 հեկտար) ծաղիկներ կարող են արտահանվել Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։
Ընդհանուր առմամբ, արդեն 14 ընկերության ծաղիկների արտահանում է արտոնված։
Վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակել էր Հայաստանից ծաղիկների ներմուծումը՝ հայտարարելով նրանցում հաճախակի հայտնաբերվող կարանտինային հիվանդությությունների մասին։ ՌԴ-ի կիրառած սահմանափակումները դժգոհություն են առաջացրել ծաղիկների արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների մոտ, որոնք բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ պահանջելով խնդրին լուծում տալ։
Լուրեր էին տարածվել նաև, որ ՌԴ արտահանման սահմանափակումների պատճառ է նաև այն, որ ծաղիկներ արտահանողները ծաղիկներ են ներմուծում այլ երկրներից Հայաստան, ապա վերաարտահանում դրանք Ռուսաստան։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես հերքել է այդ լուրերը։