ՎԶԵԲ–ը պատրաստ է ներդրումային նախագծեր իրականացնել Հայաստանի համար առաջնահերթ ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) փոխնախագահ Ալան Պիյուի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը բարձր է գնահատել Հայաստան-ՎԶԵԲ 25-ամյա համագործակցությունը և նշել, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի առանցքային գործընկերներից է, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ գործընկերության փաթեթի ծրագրերը, որոնց գերակշիռ մասն ուղղված է մասնավոր հատվածի մրցունակության խթանմանը, և նույն տրամաբանությունը դրված է նաև ՎԶԵԲ-Հայաստան ընթացիկ՝ 2015-2019 թթ. համագործակցության ռազմավարության հիմքում։
Վերահաստատելով արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ վարչապետը կարևորել է մասնավոր սեկտորում ներդրումային ծրագրերի և մի շարք առաջնահերթ ոլորտներում պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացման ծրագրերի շարունակական իրականացումը:
«Համաձայն եմ Ձեզ հետ, որ մեր համագործակցությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա՝ և´ բիզնես սեկտորի խթանման, և´ քաղաքականության մշակման, և´ պետական-մասնավոր գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերի առումով: Մենք նաև արդեն իսկ շատ հաջող աշխատում ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ», - նշել է Ալան Պիյուն և ընդգծել, որ ՎԶԵԲ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ:
ՀՀ վարչապետը և ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր: Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության, ոսկերչության, դեղագործության բնագավառներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները՝ հաշվի առնելով այդ ճյուղերում մեծ ներուժի առկայությունը:
ՎԶԵԲ փոխնախագահը նշել է, որ բանկը պատրաստակամ է ներդրումային ծրագրեր իրականացնել ՀՀ կառավարության համար առաջնահերթ ոլորտներում և շարունակել աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը:
Կողմերը կարևորել են նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որը ևս կնպաստի երկկողմ գործակցության խորացմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշարջանային համագործակցության ծրագրերում, ՀՀ կառավարության կողմից թե´ տեղական, թե´ օտարերկրյա ներդրողների համար բիզնես միջավայրի շարունակական բարելավման քայլերում, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված այլ նախաձեռնություններում ՎԶԵԲ-ի ներգրավման հնարավորությունների շուրջ:
Ալան Պիյուն տեղեկացրել է վարչապետին, որ ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի նոր տնօրենի թեկնածությունն արդեն հաստատվել է, և 2018 թ. հունվարից նա կանցնի իր պարտականությունների կատարմանը: -0-