Рейтинг@Mail.ru
USD
389.56
EUR
444.14
RUB
4.7117
GEL
141.74
2025 թ. ապրիլի 25, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

ՎԶԵԲ–ը գործարկում է ներդրումային նոր ռազմավարություն Հայաստանի համար

06.03.2025, 12:19
ՎԶԵԲ-ը կշարունակի Հայաստանի զարգացմանն աջակցել ներդրումների և քաղաքական երկխոսության միջոցով
ՎԶԵԲ–ը գործարկում է ներդրումային նոր ռազմավարություն Հայաստանի համար

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/ԱՌԿԱ/․ ՎԶԵԲ-ը հայտարարում է Հայաստանի համար 2025-2030 թթ. ներդրումային նոր ռազմավարության մասին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի երկու հիմնական ներդրումային առաջնահերթությունները կլինեն աջակցությունը ավելի ներառական և մրցունակ մասնավոր հատվածի զարգացմանը երկրում, ինչպես նաև կայուն ենթակառուցվածքների խթանման միջոցով կանաչ տնտեսությանն անցման արագացումը։

Բանկը նախորդ՝ 2019-2024թթ-ի Երկրի ռազմավարության շրջանակում Հայաստանում ներդրել է մոտ 1 միլիարդ եվրո՝ նպաստելով զգալի տնտեսական առաջընթացին։ Միայն 2024 թվականին ՎԶԵԲ-ը երկրում ներդրել է ռեկորդային 396 միլիոն եվրո՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մասնավոր հատվածի զարգացմանը և ենթակառուցվածքներին աջակցությանը՝ Հայաստանի առևտրային հնարավորութ-յունները խթանելու նպատակով։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը զգալի աճ է արձանագրել՝ չնայած բազմաթիվ տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերներին։ Բանկի նոր ռազմավարությունն ուղղված է այս դինամիկան շարունակելուն՝ միևնույն ժամանակ լուծելով առկա խնդիրները, ինչպիսիք են տնտեսության ցածր դիվերսիֆիկացիան և միջազգային շուկաներին սահմանափակ հասանելիությունը։

ՎԶԵԲ-ը կշարունակի Հայաստանի զարգացմանն աջակցել ներդրումների և քաղաքական երկխոսության միջոցով։

Ռազմավարության առաջին առաջնահերթությունը մասնավոր հատվածի ներառականության և մրցունակության բարձրացումն է՝ ֆինանսական միջնորդության բարելավման, փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև փախստականներին և նրանց ընդունող համայնքներին ուղղված նպատակային աջակցության և առևտրի դիվերսիֆիկացման խթանման միջոցով։

Երկրորդ առաջնահերթությունը հանդիսանում են ներդրումները կայուն ենթակառուցվածքներում՝ կանաչ տնտեսությանն անցումը արագացնելու նպատակով։ Սա կներառի էներգաարդյունավետության նախաձեռնությունների ֆինանսավորումը, Բանկի «Կանաչ քաղաքներ» ծրագրի ընդլայնումը և էներգետիկ անվտանգության բարձրացումը՝ շեշտադրելով վերականգնվող էներգիայի լուծումները։

Լրացուցիչ ջանքեր կգործադրվեն Հայաստանի համար ազգային մակարդակով սահմանված գործողությունների (NDCs) և ցածր ածխածնային զարգացման ուղիներին աջակցման համար։

ՎԶԵԲ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին նշեց. «Հենվելով մեր նշանակալի ձեռքբերումների վրա՝ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար նախատեսում է մի ապագա, որտեղ ներառականությունն ու կայունությունը ճանապարհ կհարթեն ուժեղ մասնավոր հատվածի համար։ ՎԶԵԲ-ը ներդրումները կուղղորդի՝ հատուկ ուշադրություն դարձնելով դիվերսիֆիկացմանը և միջազգային շուկաներին հասանելիությանը, մասնավոր հատվածի և կապիտալի շուկայի զարգացմանը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի զարգացմանը՝ միաժամանակ շարունակելով քաղաքականության երկխոսությունը՝ առանցքային բարեփոխումներն իրականացնելու նպատակով»։

Մինչ օրս ՎԶԵԲ-ը Հայաստանում՝ 224 ծրագրերի շրջանակներում կատարել է 2․6 միլիարդ եվրոյի ներդրում, որի  84 տոկոսը՝ մասնավոր հատվածում։