Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

ԵԱՏՄ երկրների քաղաքացիները կարող են աշխատել Միության բոլոր պետություններում

05.04.2023, 15:59
ԵԱՏՄ երկրների քաղաքացիներն իրավունք ունեն աշխատել Միության բոլոր հինգ երկրներում` առանց ազգային աշխատաշուկաների պաշտպանության սահմանափակումները հաշվի առնելու
ԵԱՏՄ երկրների քաղաքացիները կարող են աշխատել Միության բոլոր պետություններում

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./ԱՌԿԱ/.  ԵԱՏՄ երկրների քաղաքացիներն իրավունք ունեն աշխատել Միության բոլոր հինգ երկրներում` առանց ազգային աշխատաշուկաների պաշտպանության սահմանափակումները հաշվի առնելու, պետք չէ ստանալ թույլտվություն աշխատանքային գործունեություն իրականացնելու համար, նշվում է eec.eaeunion.org կայքում։  

Միասնական աշխատաշուկան գործում է ԵԱՏՄ–ի շրջանակում 2015թ.–ից։ Միասնական աշխատաշուկայի առկայությունը նշանակում է, որ ԵԱՏՄ երկրների քաղաքացիները կարող են գտնվել Միության պետություններում առանց գրանցման մինչև 30 օր` երկիր մուտք գործելու օրվանից։ 30 օրից ավել գտնվելու դեպքում նրանք պետք է անցնեն գրանցման ընթացակարգ (հաշվառում)` մուտք գործած պետության օրենսդրությանը համապատասխան, եթե նման պահանջ սահմանված է։ Աշխատանք փնտրելու համար տրվում է 90 օր։

ԵԱՏՄ–ի միասնական աշխատաշուկան կառույցի անդամ երկրների քաղաքացիներին տալիս է նաև մի շարք առավելություններ, որոնց թվում են.

– ԵԱՏՄ երկրներում տրված կրթության մասին փաստաթղթերի ճանաչում,

– եկամտահարկի չափ` որպես այն երկրի քաղաքացի, որտեղ աշխատանքի է ընդունվում,

– աշխատողի ընտանիքի բնակության իրավունք այն երկրում, որտեղ աշխատողն աշխատում է,

– աշխատողի երեխաների կրթության իրավունք այն երկրում, որտեղ աշխատողն աշխատում է,

– անվճար շտապ բժշկական օգնություն աշխատողի և ընտանիքի անդամների համար,

– աշխատողի բժշկական օգնություն` Պարտադիր բժշկական ապահովագրությամբ, այդ երկրի քաղաքացիներին տրամադրվող պայմաններով,

– պարտադիր ապահովագրություն ժամանակավոր անգործության դեպքում։

ԵԱՏՄ անդամ պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը։–0–