ԵԱԶԲ–ն ակնկալում է, որ Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ցիկլը կավարտվի 2025թ․–ի առաջին եռամսյակում
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկն (ԵԱԶԲ) ակնկալում է Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ցիկլի ավարտը 2025 թվականի առաջին կիսամյակում, քանի որ գնաճը մոտենում է ՀՀ Կենտրոնական բանկի թիրախային միջակայքին (3+/-1%)։
«ՀՀ Կենտրոնական բանկը դեկտեմբերի 10–ին նիստի ժամանակ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ մինչև 7.0%: Որոշումն ընդունվել է աշխատավարձերի աճի դանդաղման և գնաճային ակնկալիքների ֆոնին: Սպառողական գների աճը նոյեմբերին կազմել է 1,4% տարեկան հոկտեմբերին գրանցված 0,6%–ից հետո»,- ասվում է ԵԱԶԲ-ի ամենշաբաթյա մակրովերլուծության մեջ։
Այս տարվա դեկտեմբերի 4-ին հաստատված Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեում 12-ամսյա գնաճի թիրախ է սահմանվել 3%՝ ±1 տոկոսային կետ ընդունելի միջակայքով։ Կենտրոնական բանկը որոշել է իջեցնել 2006 թվականից գործող թիրախային ցուցանիշը 4%-ից (±1,5 տոկոսային կետ)՝ հաշվի առնելով, որ ՀՀ տնտեսությունը պատրաստ է անցնել զարգացման նոր փուլ։
Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանի կանխատեսումներով՝ հաջորդ տարի Հայաստանը կմոտենա թիրախային գնաճի ցուցանիշին, այս տարի այն կլինի 4%-ից ցածր։