Հայաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ՝ ձգտելով վերացնել արտահանման խոչընդոտները. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանը բազմիցս վերահաստատել է ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցության շարունակականությանն ուղղված իր հանձնառությունը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն նպատակաուղղված է տնտեսական կայունության ամրապնդմանը և մեծ տարածաշրջանի կայուն զարգացման ապահովմանը։ Վստահ եմ, որ այսօրվա նիստը ևս մեկ հնարավորություն կընձեռի արդիական հարցերի շուրջ մտքերի բաց և կառուցողական փոխանակման համար», - ասել է Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին հեռավար կարգով իր ելույթում։
«Խաղաղության խաչմերուկ»-ի և TRIPP-ի մասին
Վարչապետը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանում խաղաղության և առևտրատրանսպորտային փոխկապակցվածության օրակարգը։
«Ինչպես բազմիցս նշվել է, «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնությունն ուղղված է տրանսպորտային, էներգետիկ և թվային փոխկապակցվածության զարգացման միջոցով նոր հնարավորությունների ստեղծմանը։ «Խաղաղության խաչմերուկի» առանցքային բաղադրիչներից մեկը TRIPP-ն է։
TRIPP նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի։
Միևնույն ժամանակ, նախագիծը հնարավորություն կտա ինտեգրել Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին և հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցություն ձևավորելու համար», - ասել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ սա տրանսպորտային կապերի ոլորտում նշանակալի իրադարձություն կդառնա՝ փոփոխություններ բերելով Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի համար։
«Նեղ կազմով նիստի ընթացքում ես գործընկերներին տեղեկացրեցի որոշ ասպեկտների մասին, որոնք վերաբերում են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, որը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում», - ընդգծել է Փաշինյանը։
Նա հույս է հայտնել, որ որոշակի լուծումների, որոնք, մասնավորապես, կհանգեցնեն Հայաստանի Հանրապետության երկաթուղիների արդյունավետության բարձրացմանը։
Հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումների մասին
Վարչապետը նշել է, որ ցավոք, Չոլպոն-Աթայում Միջկառավարական խորհրդի նիստին իմ նախորդ մասնակցությունից ի վեր առկա մի շարք հարցերի ուղղությամբ էական առաջընթաց արձանագրել չի հաջողվել։
«Մասնավորապես, պահպանվում են սահմանափակումներ և վարչական խոչընդոտներ, որոնք շարունակում են էապես դժվարացնել միասնական շուկայի լիարժեք և արդյունավետ գործունեությունը։
Այս կապակցությամբ կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան Հայաստանի արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակումը», - եզրափակել է Փաշինյանը։
Նա վստահություն է հայտնել, որ այս ուղղությամբ հետևողական առաջընթացը բխում է ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների շահերից՝ ապահովելով առևտրային հոսքերի կայունությունը, շուկայի մասնակիցների համար պայմանների կանխատեսելիությունը, ինչպես նաև ինտեգրացիոն համագործակցության հետագա ամրապնդումը։