Գրեֆ. Դեֆոլտի մասին լուրերը Ռուսաստանում անհիմն են
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. Լուրերը Ռուսաստանում սպասվող դեֆոլտի մասին անհիմն են, քանի որ երկրի մակրոտնտեսական իրավիճակը լավագույններից մեկն է աշխարհում, երեքշաբթի լրագրողներին է հայտնել Ռուսաստանի Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը Խաբարովսկ կատարած աշխատանքային այցի ընթացքում, գրում է banki.ru–ն։
«Դեֆոլտից հաստատ վախենալ պետք չի, քանի որ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է դեֆոլտ հայտարարել։ Ռուսաստանի մակրոտնտեսական իրավիճակը լավագույնն է աշխարհի բոլոր երկրների շարքում։ Մեր պետական պարտքը ցածր է ՀՆԱ–ի 10 տոկոսից, մի շարք եվրոպական երկրներում ավելի քան 100 տոկոս է։ Այդ իսկ պատճառով դեֆոլտ հայտարարելն անիրական մի բան է»,– ասել է Գրեֆը։
Նա հայտնեց, որ Կենտրոնական բանկը լողացող փոխարժեքի քաղաքականություն է իրականացնում, այդ պատճառով էլ բացառվում են ռուբլու փոխարժեքի տատանումներ արտարժույթի նկատմամբ։
«Կենտրոնական բանկի ոսկու և արժույթի պաշարներն ավելի քան մեկուկես տրիլիոն դոլար են կազմում, դրանք բավարար են ցանկացած շահարկվող գրոհների հարված տալու համար, եթե այդպիսիք լինեն։ Այդ իսկ պատճառով ռուբլու փոխարժեքին ոչինչ չի սպառնում։ Բայց այն լողացող է։ Հնարավոր է, որ մի փոքր կնվազի կամ կբարձրանա»,– ասել է Սբերբանկի ղեկավարը։
Միաժամանակ նա նշեց, որ տնտեսությունում չի բացառվում ճգնաժամային երևույթների սրումը, ինչը կապված է Չինաստանի տնտեսական դրության վատացմամբ։ «Հնարավոր է ճգնաժամային երևույթների ռեցիդիվ։ Չինաստանի ֆինանսական հատվածի վիճակը ծանր է։ Հնարավոր է վատացում, բայց ձախողումներ չեմ սպասում»,– Գրեֆի խոսքն է փոխանցում «Փրայմը»։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:34 16.07.2013