Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ–ից ստացված վիճակագրության ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները աճել են հինգշաբթի` հոկտեմբերի 11–ի առքուվաճառքի արդյունքներով՝ ԱՄՆ–ի աշխատաշուկայի կանխատեսվածից դրական վիճակագրական տվյալների և Մերձավոր Արևելքի անկայունության ֆոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Bloomberg գործակալությանը։
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն առքուվաճառքի ավարտին ավելացել է 0.82 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 92.07 դոլար։ IСE (InterContinental Exchange Futures) լոնդոնյան բորսայում Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 1.38 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 115.71 դոլար։
Հոկտեմբերի 6–ին ավարտված շաբաթվա ընթացքում ԱՄՆ–ում գործազրկության նպաստի առաջնային հայտերի թիվն ընկել է մինչև նվազագույն մակարդակը 2008 թվականի փետրվարից` կազմելով 339 հազար։ Վերլուծաբանները, հակառակը, ակնկալում էին հայտերի թվի ավելացում 3 հազարով։
«Գների աճը կապված է Մերձավոր Արևելքի անկայունության հետ, հատկապես թուրք–սիրիական հարաբերությունների վիճակի հետ։ Ընդհանուր առմամբ, պահանջարկը կայունացել է առաջարկի նկատմամբ համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումների նվազումից և աշխարհաքաղաքական լարվածության ուժեղացումից հետո»,– կարծում է Global Risk Management–ի վերլուծաբան Մայքլ Պոուլսենը (Michael Poulsen), ում խոսքերը մեջբերում է Bloomberg գործակալությունը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:43 12.10.2012