Բրազիլիայում բողոքի նոր ալիք է բարձրացել` չնայած կառավարության զիջումներին
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Տասնյակ հազար բրազիլացիներ կրկին փողոց են դուրս եկել` բողոքելով կոռուպցիայի բարձր մակարդակի ու պետական ծառայությունների ցածր որակի դեմ։ Երկրում բողոքի ցույցերը դադարեցնելու նպատակով կառավարությունը բողոքի նոր ալիքից առաջ զիջումների էր գնացել ցուցարարների մի շարք պահանջների շուրջ, գրում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։
Բելու–Օրիզոնտիում 40 հազար մարդ բողոքի ցույց է անում` կրթության և առողջապահության որակը բարելավելու պահանջով։ Դեմքերը գլխանոցներով ծածկած երիտասարները քարեր են նետել իրավապահ մարմինների ներկայացուցիչների ուղղությամբ։ Վերջիններն էլ իրենց հերթին արցունքաբեր գազ են կիրառել, ինչի արդյունքում նրանց հաջողվել է կանգնեցնել դեպի քաղաքի մարզադաշտ շարժվող ցուցարարներին։
Նշենք, որ Բելու–Օրիզոնտիի մարզադաշտից ոչ հեռու, որտեղ անցկացվում են Կոնֆեդերացիայի գավաթի խաղերը, ցուցարարները պաստառ են ամրացրել, որի վրա գրված է FIFA go home! (ՖԻՖԱ, հեռացիր)։
Բողոքի ցույցերը շարունակվում են, թեպետ ավելի վաղ սենատը հավանության էր արժանացրել օրենսդրական փոփոխությունները, որոնք խստացնում են կոռուպցիայի համար սահմանված պատիժը, իսկ մեկ օր անց կոնգրեսը մերժել էր սահմանադրական փոփոխությունը, որը սահմանափակում էր դաշնային դատախազների պարտականությունները հանցագործությունների հետաքննման գործում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:40 27.06.2013