ԴՊՀ. «Ամերիկյան տնտեսությունը աջակցության կարիք դեռ ունի»
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) չի կողմնորոշվել տնտեսական խթանների ծրագրի դադարեցման ժամկետների հարցում, հաղորդում է Reuters–ը` ներկայացնելով Բաց շուկայում գործառնությունների կոմիտեի (FOMC) նիստի հրապարակած արձանագրությունները։
Նիստից հետո արված հայտարարության մեջ ասվում է, որ ամերիկյան տնտեսությունը աջակցության կարիք դեռ ունի։ Կոմիտեի գրեթե բոլոր 12 անդամները համաձայնել են, որ դեռ խթանող քաղաքականության փոփոխման ժամանակը չէ, գրում է РБК–ն։
Հուլիսին տեղի ունեցած նիստի ընթացքում միայն մի քանիսը համարեցին, որ շուտով պարտատոմսերի գնման տեմպերի «որոշ դանդաղեցման» պահ կգա, իսկ ամերիկյան ԿԲ–ի մյուս ղեկավարները կոչ արեցին համբերություն դրսևորել խթանող ծրագրի դադարեցման հարցում։
Միաժամանակ ԴՊՀ ղեկավարները նշել են, որ հուլիսին 7,4 տոկոս կազմած գործազրկության մակարդակը զգալիորեն նվազել է 2012թ.–ի սեպտեմբերին խթանների նոր ծրագրի մեկնարկի մասին որոշում ընդունելու պահից ի վեր։
Հիշեցնենք, որ տնտեսությունը խթանելու նպատակով ամերիկյան ԿԲ–ն ամեն ամիս 85 մլրդ դոլարի պարտատոմսեր է գնում երկարաժամկետ ֆինանսավորումն էժանացման համար։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:13 22.08.2013