Եվրախմբին բավարարում են Կիպրոսի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու (Եվրախումբ) երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը գոհ է Կիպրոսի իշխանությունների` տնտեսության վերականգնմանն ուղղված աշխատանքի արդյունքներից, հայտարարել է Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Գարնանը կղզուն 10 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրվեց եվրագոտուց և ԱՄՀ–ից։
Կիպրոսին վարկերի տրամադրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկիրը կատարել է տնտեսության և բանկային համակարգի վերականգնմանն ուղղված մի շարք պահանջները։ ԵԿԲ–ի, Եվրահանձնաժողովի և ԱՄՀ–ի ներկայացուցիչ–վարկատուների «եռյակը» եռամսյակը մեկ այցելում է երկիր և գնահատում է պահանջների կատարումը։ Նիկոսիա կատարած «եռյակի» երկրորդ այցն ավարտվել է նախորդ շաբաթ։
«Ծրագիրն ընթանում է նշված ուղղությամբ։ Բյուջետային բոլոր թիրախներն իրականացվել են ավելցուկով։ Մենք ուրախ էինք լսել, որ զգալի առաջընթաց է ձեռք բերվել Կիպրոսի ֆինանսական հատվածի վերակապիտալիզացման և վերակառուցվածքայնացման գործընթացում», – Եվրախմբի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Դեյսելբլումը։
Ֆինանսական կայունության եվրոպական մեխանիզմը (ՖԿՄ) նախատեսում է տարեվերջին Կիպրոսին վարկի հերթական տրանշի հատկացման մասին որոշում ընդունել։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:03 15.11.2013