Նավթի համաշխարհային գները նվազել են Սիրիայում իրավիճակի զարգացման ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ինչպես վկայում են առուվաճառքի տվյալները, նավթի համաշխարհային գներն օգոստոսի 29–ին նվազել են, քանի որ Սիրիայում ռազմական միջամտության սցենարն առաջիկա օրերին պակաս հավանական է դառնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1.45 դոլարով`բարելի դիմաց մինչև 115,16 դոլար։ WTI տեսակի թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքն ընկել է 1.30 դոլարով` կազմելով մեկ բարելի դիմաց 108.80 դոլար։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի հայտարարել է, որ դեռ որոշում չի ընդունել, թե որն է լինելու Վաշինգտոնի պատասխանը Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ, իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կրկին կոչ է արել հնարավոր ամեն բան անել սիրիական ճգնաժամի կարգավորման քաղաքական որոշում գտնելու համար։
Բացի այդ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն չի տվել երկրի կառավարության` Սիրիայի ռազմական օպերացիայի մասնակցելու ծրագրերին։ Ինչպես հայտնել է երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Լոնդոնը չի մասնակցելու Սիրիայի դեմ ռազմական գործողություններին, քանի դեռ այդ թեման չի քննարկվել ՄԱԿ–ի ԱԽ–ում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:24 30.08.2013