Պետդումայում առաջարկում են «չխլել» բնակարանները հիփոթեքային պարտք ունեցողներից
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Պետական դումայի պատգամավորները պետությանն առաջարկել են հետ գնել տներն այն պարտապաններից, ովքեր հարգելի պատճառներով այլևս չեն կարողանում վճարել հիփոթեքի վարկը։ Մարդկանց առաջարկում են մնալ այդ նույն բնակարաններում, բայց` սոցիալական վարձակալության պայմանագրով, այսօր գրում է «Ռոսիյսկայա գազետա»–ն։
Ինչպես պարբերականին է պատմել համապատասխան օրինագծի հեղինակներից մեկը` պատգամավոր Անդրեյ Կրուտովը, փաստաթուղթը ենթադրում է վարձակալների գրավադրված բնակարանների հետգնում այն դեպքերում, երբ բանկի հաճախորդը չի կարողանում մարել վարկը հիվանդության, գործազրկության կամ այլ հարգելի պատճառներով։
Նման դեպքերում պետական և մունիցիպալ մարմինները կկարողանան բնակարանը գնել վարձատուից, այդ գումարներից կվճարվի բանկի առջև ունեցած պարտավորությունները։ Այնուհետև քաղաքացին բնակարանում սոցիալական վարձակալության պայմաններով ապրելու իրավունք է ստանում, հաղորդում է rbc.ru–ն։
Օրինագծում նշվում է, որ պետությունը պետք է գրավադրված օբյեկտը գնի շուկայական գնով։ Եթե բնակարանի արժեքը բանկի առջև ունեցած պարտքից ցածր լինի, ապա մունիցիպալ կամ դաշնային մարմինները կփոխհատուցեն տարբերությունը։ Իսկ եթե բարձր` միջոցների մնացորդը կփոխանցեն նախկին վարձատուին։
Վճարունակության վերականգնման դեպքում վարձակալը կարող է հետ գնել անշարժ գույքը։ Միաժամանակ, Ա. Կրուտովը հստակեցրել է, որ դժվար դրության մեջ գտնվող մարդն ինքը կորոշի` հետ գնել բնակարանը, թե՞ օգտվել սոցիալական վարձակալությունից անժամկետ։ Օրինագիծը տալիս է այդպիսի ընտրություն։
Փորձագետները հավանություն են տալիս նախաձեռնությանը, սակայն մտավախություններ ունեն վարձակալների կողմից խարդախությունների դեպքերի կապակցությամբ։ Օրինակ, վարկով բնակարան գնած մարդը կարող է հաշմանդամության կեղծ տեղեկանք ձևակերպել։ Պետդումայում նշել են, որ հույս ունեն, թե գործ կունենան բարեխիղճ վճարողների հետ։ Հետգնման ընթացքում կներգրավվեն մի շարք վերահսկիչ և կարգավորող ատյաններ, նշել են օրենսդիրները։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:13 07.05.2013