Հայտնաբերվել է Վան Գոգի նկարը, որը փնտրում էին ավելի քան 100 տարի
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Վինսենթ Վան Գոգի վրձնին պատկանող «Արևամուտը Մոնմաժուրում» նկարը գտնվել է Նորվեգիայի բնակչի ձեղնահարկում, հայտնում է Associated Press–ը` ներկայացնելով Ամստերդամում Վան Գոգի թանգարանի հայտարարությունը։
Առայժմ նկարի հայտնաբերման հանգամանքների մասին տեղեկություններ քիչ են, հայտնի է միայն այն, որ նկարը պատկանել է մի նորվեգացու, ով համարում էր, որ դա մեկ այլ հեղինակի ստեղծագործություն է, և երկար ժամանակ պահում էր իր տան ձեղնահարկում։ 1990–ական թվականներին նա դիմել էր Վան Գոգի թանգարան նկարի իսկությունը ստուգելու համար։ Այդ ժամանակ մասնագետները որոշել են, որ այն չի կարող պատկանել հայտնի նկարչի վրձնին, սակայն այժմ` նոր տեխնոլոգիաների կիրատմամբ, ստեղծագործության իսկությունը հաստատվել է։
Վ.Վան Գոգի` իր եղբայր Թեոյի հետ նամակագրությունից գիտնականները կարողացել են պարզել կտավի ստեղծման ճշգրիտ ժամանակը` 1888 թվականի հուլիս։ Այն ժամանակ նկարիչը հայտնել էր, որ բնանկար է նկարել «քարոտ ամայի տարածքում, որտեղ գաճաճ ծուռումուռ կաղինիներ են աճում»։ Թեո Վան Գոգի գրառումներում հաջողվել է տեղեկություններ գտնել այդ նկարի մասին` այն վաճառվել է մասնավոր կոլեկցիոների 1901 թվականին, ինչից հետո դրա հետքերը կորչում են։ Թանգարանը ծրագրում է նկարը հրապարակային դիտման դնել 2013 թվականի սեպտեմբերի 24–ին։
Վան Գոգի թանգարանն Ամստերդամի գլխավոր թանգարաններից է, որտեղ պահվում են հենց Վ.Վան Գոգի մոտ 140 նկարներ, ինչպես նաև նրա ժամանակակիցների ու հետնորդների կտավներ։ Թանգարանի տարեկան այցելությունների քանակը կազմում է մոտ 1.5 մլն, հաղորդում է rbc.ru–ն։ --0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
19:52 09.09.2013