Եվրահանձնաժողովը նվազեցրել է նավթի գների 2014 և 2015 թթ. կանխատեսումը
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովն իր ձմեռային տնտեսական կանխատեսման մեջ, նախորդ` աշնանային կանխատեսման համեմատ, կրճատել է նավթի միջին տարեկան արժեքի գնահատականը ընթացիկ և հաջորդ տարվա համար, հաղորդում է Փրայմ գործակալությունը։
Երեքշաբթի հրապարակած կանխատեսման մեջ նշվում է, որ չնայած գլոբալ տնտեսության ակտիվացմանը, նավթի գների էական աճը քիչ հավանական է «սև ոսկու» առաջարկի բավարար ծավալի, նավթն այլ` ավելի էժան վառելիքի տեսակներով փոխարինելու և դրա սպառման արդյունավետության բարձրացման պատճառով։ Աշխարհաքաղաքական լարվածության հնարավոր աճը ռիսկի գործոն է մնում «սև ոսկու» գնի համար։
ԵՀ–ն կարծում է, որ Brent տեսակի նավթի միջին տարեկան գինը 2014 թ.–ին բարելի դիմաց կարող է կազմել 104,1 դոլար և 2015 թ.–ին կարող է կրճատվել մինչև 99,6 դոլար, այն դեպքում, երբ 2013 թ.–ին ցուցանիշը գտնվում էր բարելի դիմաց 108,8 դոլարի սահմանում։
Նոյեմբերին իր աշնանային կանխատեսման մեջ ԵՀ–ն այդ տեսակի նավթի գինն այս տարի կանխատեսում էր 105,8 դոլար և հաջորդ տարի` 99,7 դոլար։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:23 26.02.2014