ԱԼՌՈՍԱՆ 888 կարատ քաշով տեխնիկական որակի բացառիկ ալմաստ է արդյունահանել
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այխալի «ԱԼՌՈՍԱ» Բաժնետիրական ընկերություն» ԲԲԸ Լեռնահարստացնող կոմբինատի աշխատակիցները հոկտեմբերի 20–ի լույս 21–ի գիշերը 888.15 կարատ քաշով տեխնիկական որակի ալմաստ են արդյունահանել, բյուրեղը դուրս է բերվել «Յուբիլեյնայա» խողովակի հատակից, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
Ալմաստն ընդհանուր առմամբ թափանցիկ չէ, կանաչամոխրագույն երանգ ունի։ Բյուրեղի չափերն են` 58х48х36 միլիմետր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Պահպանված մեկ նիստը ներկայացված է օկտաեդրից /ութանիստից/ դեպի ռոմբոդոդեկաեդր /տասներկուանիստ/ անցումային տեսքով`կերագծման կղմինդրյա ուրվագծով, մյուսը` երկվորյականացման հետքեր ունեցող ռոմբոդոդեկաեդրով։ Գագաթներից մեկի ոչ մեծ մասն ազատ է թերություններից, որտեղ հստակ երևում է կանաչ գույնը։
Ինչպես նշել են ԱԼՌՈՍԱ–ում, այդպիսի չափերի բյուրեղը բնության բացառիկ երևույթ է։ Այն իր քաշով չորրորդն է ՌԴ–ում արդյունահանվածների շրջանում։ Քանի որ բյուրեղը քարագործության հումք չի համարվում, հավանաբար, դրան բացառիկ անվանում չի տրվի։ Ակնկալվում է, որ այն առայժմ կպահվի ընկերությունում։
ԱԼՌՈՍԱ–ն Ռուսաստանի ալմաստի խոշորագույն արտադրող է, ընկերությանը բաժին է ընկնում համաշխարհային արդյունահանման մոտ 30 տոկոսը, ՌԴ–ում արդյունահանված բոլոր ալմաստների 94 տոկոսը։ 2011 թվականին ԱԼՌՈՍԱ խմբի ձեռնարկությունների կողմից արդյունահանվել է 34.6 մլն կարատ ալմաստ (աճը` 1%)։Արդյունահանումը կատարվում է վեց բաց քարհանքից, երեք ստորգետնյա հանքավայրերից և մի շարք հանքաշերտային հանքավայրերից։ Տարվա արդյունքներով, ԱԼՌՈՍԱ խմբի ալմաստի արտադրանքի իրացումը կազմել է 4.45 միլիարդ դոլար։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:59 24.10.2012