Գազպրոմը ճանաչվել է ռուսական ամենաարժեքավոր ապրանքանիշը
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գազպրոմը ճանաչվել է 2013 թվականի ամենաարժեքավոր ռուսական ապրանքանիշը։ Interbrand–ի մոսկովյան գրասենյակը Ռուսաստանի գազի ընկերության ապրանքանիշը գնահատել է 1,262 տրիլիոն ռուբլի, գրում է ՌԲԿ–ն։
2013 թ.–ի 40 ամենաարժեքավոր ռուսական ապրանքանիշերի վարկանիշային աղյուսակը զգալիորեն տարբերվում է նախորդ տարվա տարբերակներից, նշվում է հաշվետվության մեջ։ Առաջին անգամ աղյուսակում ներառվել են մի շարք հայտնի ընկերություններ։
Այսպես, Գազպրոմին հետևում են ՏՏ հատվածի երեք ընկերություններ` ՄՏՍ–ը (192,1 մլրդ ռուբլի), «Բիլայնը» (155,5 մլրդ ռուբլի) և «Մեգաֆոնը» (114,15 մլրդ ռուբլի)։ Հինգերորդ տեղում է «Նորիլսկի նիկելը» (111,56 մլրդ ռուբլի)։
Տասնյակում ներառվել են նաև Սբերբանկը (106,7 մլրդ ռուբլի), ՏՆԿ–ն (Տրանս–ազգային ընկերություն)` 98,87 մլրդ ռուբլի, ԼՈՒԿՈՅԼԸ (75,2 մլրդ ռուբլի), «Բալտիկան» (56,2 մլրդ ռուբլի) և «Տատնեֆտը» (53,89 մլրդ ռուբլի)։
Առաջին անգամ վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է ավիափոխադրող ոլորտի ապրանքանիշ` «Աէրոֆլոտը» (25,9 մլրդ ռուբլի)։ Աղյուսակում կա 13 բնագավառ, որոնց թվում քանակական տեսակետից գերակշռում են վերջնական սպառողին հայտնի ապրանքանիշերը, նշվում է զեկույցում։
Քառասուն ամենաարժեքավոր ռուսական ապրանքանիշերի աղյուսակում հինգ ընկերություն ներկայացնում է մեդիաոլորտը։ Դրանք են` ՍՏՍ–ը (15,4 մլրդ ռուբլի), ՌԲԿ–ն (10,6 մլրդ ռուբլի), «Առաջին ալիքը» (6,4 մլրդ ռուբլի), Mail.ru–ն (3,7 մլրդ ռուբլի) և НТВ–ն (3,4 մլրդ ռուբլի)։
Վարկանիշային աղյուսակում հայտնված բոլոր ապրանքանիշերը զգալիորեն նպաստում են Ռուսաստանի ՀՆԱ–ի աճին, որն այս տարի գերազանցել է 2,014 տրիլիոն դոլարի սահմանը։ «Այս թիվն ինքնին տպավորիչ է», – կարծում են ուսումնասիրության հեղինակները։
Վարկանիշային աղյուսակում հայտնված նոր անունների թվում շատ են B2B (բիզնեսը բիզնեսի համար) սխեմայով աշխատող ընկերությունները։ Այդ ընկերությունների ապրանքանիշերն իրենց գնահատման ցուցանիշներով լրջորեն «նեղել են» B2C հատվածի (որոնք ուղղված են վերջնական սպառողին) ընկերությունների ապրանքանիշերին։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:14 30.10.2013