Հունաստանը, Ալբանիան և Իտալիան TAP գազատարի կառուցման համաձայնագիր են ստորագրել

Հունաստանը, Ալբանիան և Իտալիան TAP գազատարի կառուցման համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հունաստանը, Ալբանիան և Իտալիան չորեքշաբթի Աթենքում համաձայնագիր են ստորագրել Անդրադրիատիկ գազատարի  (Trans Adriatic Pipeline, TAP) կառուցման վերաբերյալ, որը ադրբեջանական գազը Եվրոպա տեղափոխելու հավակնություն ունի, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

«Եվրոպայի էներգետիկ քարտեզում գծվել է նոր միջանցք, որը կարևոր համեմատական առավելություններ ունի դիտարկվող այլ առաջարկությունների համեմատ»,– հայտարարել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը։

TAP նախագիծն առաջարկում է ավելի կարճ ուղի, կառուցման ցածր արժողություն, ավելի քիչ թվով երկրներով տարանցում, ավելացրել է նա։ Բացի այդ, հույն վարչապետի խոսքով, նախագիծը կբարձրացնի դրան մասնակցող երկրների աշխարհաքաղաքական կշիռը, իսկ Հունաստանին գազատարը կբերի 2 հազար նոր աշխատատեղ և 1.5 միլիարդ եվրոյի ներդրումներ։

«TAP գազատարի կառուցումը թույլ կտա Հունաստանին առաջին անգամ դառնալ ոչ միայն երկրորդական ուղղություն, այլ երկիր, որով անցնում են անդրեվրոպական ցանցերը»,– եզրափակել է Սամարասը։

Համաձայնագիրը ստորագրել են Հունաստանի ԱԳՆ ղեկավար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, Ալբանիայի փոխվարչապետ Էդմոնտ Խաջինաստոն և Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Կոռադո Պասերան։ Ստորագրման արարողությանը ներկա են եղել ԱՄՆ պետքարտուղարի երկրորդ տեղակալ Էրիկ Ռուբինը և Ադրբեջանի արդյունաբերության և էներգետիկայի փոխնախարար Գյուլմամեդ Ջավադովը, ինչպես նաև TAP կոնսորցիումի գործընկեր ընկերությունների ներկայացուցիչները` շվեյցարական Ախրոն, նորվեգական Statoil և գերմանական E.ON Ruhrgas–ը։

Ծրագրվում է, որ տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ 800–կիլոմետրանոց գազատարը կանցնի դեպի Ալբանիա Կոմոտինի հունական քաղաքով։ ТАР նախագիծն առաջարկված միակ ուղին չէ, որով ադրբեջանական գազը կարող է մտնել Եվրոպա։ Դրա այլընտրանքային նախագծերն ընդգծում են Nabucco West և Թուրքիա–Հունաստան–Իտալիա (ITGI) գազատարը։ Այս կամ այն նախագծի օգտին որոշումն առայժմ ընդունված չէ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:53 13.02.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×