Fitch: «Ֆիսկալային փլուզումը» «թանկ կարժենա» ԱՄՆ–ի համար

Fitch: «Ֆիսկալային փլուզումը» «թանկ կարժենա» ԱՄՆ–ի համար

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը սպառնացել է նվազեցնել ԱՄՆ–ի վարկային վարկանիշը, եթե պետությանը չհաջողվի նոր տարում խուսափել «ֆիսկալային փլուզումից», հաղորդում է РБК–ն։

«Ֆիսկալային փլուզման» սկիզբն ԱՄՆ–ին կգլորի դեպի «ոչ պարտադիր» ռեցեսիա, որը կոչնչացնի միջնաժամկետ աճի և ֆինանսական կայունության ներուժը։ Նման սցենարը բարձրացնում է հավանականությունը, որ ԱՄՆ–ն զրկվի AAA վարկանիշից»,– ասվում է Fitch–ի` սուվերեն վարկանիշների գլոբալ տեսությունում։

ԱՄՆ–ում մոտեցող «ֆիսկալային փլուզումը» համաշխարհային տնտեսության համար ամենազգալի սպառնալիքն է կարճաժամկետ հեռանկարում, կարծում են Fitch–ում։ Խոսքը 2013 թվականի հունվարի 1–ից 600 մլրդ դոլար ընդհանուր գումարի բյուջետային ծախսերի կրճատման և հարկերի միաժամանակյա ավելացման մասին է, եթե ամերիկացի քաղաքական գործիչներին չհաջողվի պայմանավորվածության հասնել բյուջետային պակասուրդի պակաս կտրուկ կրճատման վերաբերյալ։

Եթե «ֆիսկալային փլուզումը» ողջ ուժով մուտք գործի, ապա ամերիկյան տնտեսությունը 2013 թվականին կընկղմվի ռեցեսիայի մեջ, վստահ են Fitch–ի վերլուծաբանները։ Այնուամենայնիվ, գործակալության բազային կանխատեսման սցենարը ենթադրում է, որ ԱՄՆ դաշնային բյուջեի մասով փոխզիջում կգտնվի մինչև 2012 թվականի ավարտը։

Ավելի վաղ հայտարարվել է, որ կոնգրեսի ստորին պալատի մեծամասնություն կազմող հանրապետականները «ֆիսկալային փլուզման» կանխման իրենց տարբերակն են առաջարկել քվեարկության դնել, որը կկայանա ԱՄՆ ներկայացուցիչների պալատում դեկտեմբերի 20–ին։

Ծրագրի առանցքային կետը 1 մլն դոլարը գերազանցող եկամուտներով քաղաքացիների համար հարկերի բարձրացումը` այլ կարգի հարկատուների համար «Բուշի ժամանակաշրջանի» հարկային արտոնությունների պահպանմամբ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմը հերքել է հանրապետականների` «ֆիսկալային փլուզման» կանխման առաջարկները։ «Նա (Բարաք Օբաման) հավանություն չի տա այնպիսի փոխզիջման, որի դեպքում չլինի ամենահարուստ ամերիկացիների համար հարկային տոկոսադրույքի բարձրացում, երբ ողջ բեռն ընկնում է միջին խավի և տարեց մարդկանց ուսերին։ Նախագահը հույս ունի, որ երկու կողմերն էլ կկարողանան հաղթահարել տարաձայնությունները և համաձայնության գալ։ Մենք չպետք է բաց թողնենք այն հնարավորությունը, որն ունենք»,– հայտնել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին։

2012 թվականի դեկտեմբերի 17–ին Բարաք Օբաման առաջարկել է ավելի քան 400 հազար դոլար տարեկան եկամուտ ունեցող հարկատուների համար արտոնությունների շեմ սահմանել, նախկինում նա խոսում էր 250 հազար դոլարի շեմի մասին։ Ջ. Բոները և հանրապետականներն առաջարկում են տարեկան եկամտի 1 մլն դոլարի շեմը` հարկման դրույքաչափի բարձրացումից առաջ։ Փորձագետները կարծում են, որ դեմոկրատներն ու հանրապետականները կարող են պայմանավորվածություն ձեռք բերել տարեկան եկամտի 500 հազար դոլարի շուրջ։

Փորձագետների գնահատականներով, «ֆիսկալային փլուզումն» ԱՄՆ–ին կարժենա մինչև 600 մլրդ դոլար և կարող է տնտեսական հետընթացի պատճառ դառնալ

Հիշեցնենք, որ Fitch–ը ներկայում ԱՄՆ–ի վարկային վարկանիշը պահում է AAA մակարդակում, բայց «բացասական» կանխատեսմամբ։ Միակ գործակալությունը, որը նվազեցրել է ԱՄՆ–ի վարկանիշը, Standard & Poor's–ն է (2011 թվականի օգոստոսին ԱՄՆ վարկանիշն իջեցրել է AAA–ից մինչև AA+)։  Երրորդ առաջատար վարկանիշային գործակալությունը` Moody's – ը, ԱՄՆ–ի վարկային վարկանիշը պահպանում է AAA ամենաբարձր նիշում («բացասական» կանխատեսմամբ)։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:31 20.12.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×