ВР–ն դատի է տվել ԱՄՆ–ի կառավարությանը
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ВР նավթային ընկերությունը դատի է տվել ԱՄՆ կառավարությանը։ Ինչպես հայտնում է Reuters–ը, պատճառը այն է, որ կառավարությունը հրաժարվում է ВР–ին նոր պայմանագրեր տրամադրել այն բանից հետո, երբ ընկերությունը մեղավոր էր ճանաչվել 2010 թվականին Մեքսիկական ծոցում տեղի ունեցած վթարի համար, գրում է РБК–ն։
Բողոքում, որը բրիտանական ընկերության փաստաբաններն ուղարկել են հարավային Տեխասի դատարան, նշվում է, որ ԱՄն կառավարությունը ВР–ին «անուղղելի վնաս» է հասցնում։
Իրավաբանները հստակեցնում են, որ խնդիրներն անդրադարձել են 20 դուստր ընկերությունների, որոնք որևէ կապ չեն ունեցել Մեքսիկական ծոցի արտահոսքի հետ։ Նրանց կարծիքով` բնապահպանության պաշտպանության հանձնաժողովն անարդար է վարվել։ Միաժամանակ, ВР–ի թոփ–մենեջեր Ջորջ Մորելն ընդգծել է, որ իր ընկերությունը պատրաստ է երկխոսության։
Մեքսիկական ծոցի նավթային պլատֆորմի ողբերգությունը տեղի է ունեցել 2010 թվականի ապրիլի 20–ին։ Զոհ են դարձել վթարի պահին օբյեկտում գտնվող 11 մասնագետներ։ Բնապահպանների հաշվարկներով, նավթամղիչ համակարգում արտահոսքը վերացնելու համար պահանջված 87 օրվա ընթացքում բաց ծով է թափվել մոտ 4.9 մլն բարել նավթ։
2013 թվականի հունվարին ԱՄՆ Դաշնային դատարանը հավանության է արժանացրել կառավարության և BP–ի հետ ստորագրված համաձայնագրին, որի համաձայն, նավթային հսկան պետք է 4.5 մլրդ դոլար վճարի Deepwater Horizon պլատֆորմում տեղի ունեցած վթարի համար։ BP–ն միաժամանակ պատասխանատու է ճանաչել աշխատակիցների մահվան և օրենսդրության խախտման համար։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:44 14.08.2013