Տավուշում սնկից թունավորում է գրանցվել. 5 օտարերկրացիներ հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Նախօրեին Տավուշի մարզի Իջևանի և Դիլիջանի բժշկական կենտրոններ են տեղափոխվել օտարերկրյա 5 քաղաքացի՝ հետևյալ ախտանշաններով՝ կտրուկ ցավեր որովայնի շրջանում, սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Հիվանդները կերել են անտառից իրենց իսկ հավաքած սունկը: Նախնական ախտորոշվել է «էկզոգեն թունավորում սնկից»:
Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանց վիճակը գնահատվում է բավարար: Ներկայումս հիվանդները տեղափոխվում են Երևան՝ բուժումը շարունակելու համար:
Սնկի թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով Առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, չհավաքել սունկ ճանապարհների եզրերից, ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սունկը շատ հաճախ աճում է ուտելի սնկի մոտ և կարող է արտաքին տեսքով շատ նման լինել, չկա որևէ մշակման միջոց, որը կչեզոքացնի սնկի թույնը, սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական միջոցները, ըստ որի՝ եփելու ընթացքում արծաթը սևանում և սևացնում է սնկային արգանակը, կամ թունավոր սնկին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները, չուտել հում սունկ, երեխաներին չկերակրել սնկով, աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ, սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր, թարմ սունկը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում, չզբաղվել ինքնաբուժմամբ։–0–