Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոցի 10 դեպք
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բակային այցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի ընդամենը 55 դեպք, որից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է, տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Հայաստանի Գեղարքունիքի մարզում հոկտեմբերին գրանցվել են սիբիրյան խոցով կենդանիների վարակման մի քանի դեպքեր: Նոյեմբերի սկզբին Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակչուհու մոտ լաբորատոր հետազոտման արդյունքում հայտնաբերվել է այդ հիվանդությունը: Սիբիրյան խոցով կենդանիների հիվանդանալու հայտնաբերված դեպքերի մասին հաղորդումներ են ստացվել նաև Տավուշի և Արմավիրի մարզերից:
«Օջախում բնակչությունը հաճախ բժշկական օգնության է դիմում մաշկի ամբողջականության անգամ փոքր խախտումների դեպքում, ինչի արդյունքում բավական շատ են գերախտորոշման դեպքերը: Ներկայում հոսպիտալացված հիվանդներ չկան», - ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից նշում են, որ սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:
Սիբիրյան խոցը սուր վարակիչ հիվանդություն է, ընթանում է մաշկային, հազվադեպ` աղիքային, թոքային և սեպտիկ ձևով։ Վարակի աղբյուրն ընտանի կենդանիներն են` խոշոր եղջերավոր անասուններ, գառներ, այծեր, խոզեր։ Վարակումը հաճախ շփման հետևանք է (կենդանիների մսի, կաշվի մշակման ժամանակ) և սպորներով աղտոտված սննդամթերքի օգտագործման, ինչպես նաև վարակված ջրի, հողի, մորթու և այլ նյութերի միջոցով։ Մարդուց մարդու վարակում չի գրանցվել։ Հողում գտնվող վարակի սպորները կարող են պահպանվել մինչև 100 տարի։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:58 04.12.2012