Սեֆիլյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով պետք է լուծվի

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Կալանավորված ընդդիմադիր ակտիվիստ Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով պետք է լուծում գտնի և արյունահեղություն չլինի, А1plus–ին հայտնել է Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը։
«Նա (Սեֆիլյանը) իր կողմից պատրաստ է անել հնարավորը, որպեսզի իրավիճակի հանգուցալուծումը գտնվի»,– նշել է նա։
Զաքարյանի խոսքով` Ժիրայր Սեֆիլյանն ամեն ինչ փորձում է անել, որ իրեն դարձնեն բանակցությունների մասնակից։
Սեֆիլյանի կարծիքով` իր մասնակցությունը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ, և հարցը խաղաղ ձևով լուծում կգտնի:
Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։ Չորեքշաբթի օրվա դրությամբ գրավված շենքից ազատ է արձակվել հինգ պատանդ։
ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։
Հինգշաբթի լուսադեմին ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ 16 ցուցարարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։–0–