Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Հայրիկյանը հայտարարում է, որ իր նկատմամբ կատարած մահափորձի բացահայտումը սկսված է

08.02.2013, 11:52
Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ում նկատմամբ նախորդ շաբաթ մահափորձ է կատարվել,  Facebook–ի իր էջում գրել է, որ հանցագործության բացահայտումն արդեն սկսված է։
Հայրիկյանը հայտարարում է, որ իր նկատմամբ կատարած մահափորձի բացահայտումը սկսված է
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ում նկատմամբ նախորդ շաբաթ մահափորձ է կատարվել,  Facebook–ի իր էջում գրել է, որ հանցագործության բացահայտումն արդեն սկսված է։

Հունվարի 31–ին Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հրազենային վերք է ստացել ուսի շրջանում, ինչից հետո հաջող վիրահատություն է տարել։ Խորհրդային տարիներին Հայրիկյանը հայտնի դիսիդենտ է եղել, իսկ 1988 թվականին նրան զրկել են խորհրդային քաղաքացիությունից։

«Լավ լուր ունեմ ազնիվ հայերի, և վատ` դատարկախոս–թափթփուկների համար։ Շատ բան ասել չեմ կարող։  Բացահայտումը սկսված է։ Կարծում եմ` պաշտոնական տեղեկատվություն էլ կլինի»,– նշել է Հայրիկյանը։  

Նա գրել է նաև, որ վերքը լավանում է, բայց շարունակում է ցավել, և աջ ձեռքը դեռ անաշխատունակ է։ «Գիշերը աչք կպցնելու համար 2 անգամ ցավազրկող եմ սրսկվել, որին խիստ դեմ եմ։ Հիմա էլ անտանելի ցավը շարունակվում է»,– գրել է թեկնածուն իր էջում։

Հայրիկյանը նախ մտադրություն ուներ դիմել Սահմանադրական դատարան` երկու շաբաթով ընտրությունները հետաձգելու համար, սակայն փետրվարի 5–ին կայացած  ասուլիսի ժամանակ հայտնեց, որ չի դիմի դատարան։

ՀՀ Սահմանադրության համաձայն, նախագահի ընտրությունը երկշաբաթյա ժամկետով հետաձգվում է նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում։

Հայրիկյանն ուսի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել հունվարի 31-ին ժամը 23։30–ին Երևանի կենտրոնում` Տպագրիչների փողոցում, որտեղ գտնվում է նրա հայրական տունը։

Մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածով` մահափորձ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ` նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Պատժվում է տասից տասնհինգ տարի ազատազրկմամբ։

Ստեղծվել է համատեղ օպերատիվ–քննչական խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Գործը քննում է ԱԱԾ–ն։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—