Հայկական երկաթուղում 2013թ.–ի 9 ամիսների ընթացքում վրաերթի ավելի քան 20 դեպք է գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական երկաթուղում 2013թ.–ի 9 ամիսների ընթացքում վրաերթի ավելի քան 20 դեպք է գրանցվել, երեքշաբթի լրագրողներին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի անվտանգության ծառայության պետ Արմեն Պետրոսյանը։
«Չորս դեպքը (երկուսը` մահվան ելքով) մարդկանց վրաերթ է, իսկ 17–ը` խոշոր եղջերավոր անասունի»,– ասաց Պետրոսյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, ՀԿԵ –ի և Հայաստանի Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարվող աշխատանքների շնորհիվ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դժբախտ պատահարների թիվը երկաթուղիներում կրճատվել է յոթ անգամ։ Մասնավորապես, նախորդ տարվա 28 միջադեպերի հետևանքով ՀԿԵ–ն 1.75 մլն դրամի վնաս է կրել։
Մասնագետի խոսքով` ռիսկի հիմնական խմբում երկաթուղու հարակից գյուղերի բնակիչներն ու հովիվներն են, ովքեր անասուններին տանում են ոչ ճիշտ տեղերով։ Նա նշեց, որ վթարների հետևանքով տուժում են ոչ միայն կենդանիները, այլ նաև վնասվում է երկաթուղային կազմը, վնասվածքներ են ստանում մեքենավարները։
«Անհրաժեշտ է հիշել, որ գնացքների արագության բարձրացմանը զուգընթաց մինչև 70-80 կմ/ժ, ինչպես նաև ռելսերի որակի բարելավման հետ ավելանում է նաև արգելակային ուղին, որը միջինը կազմում է 800 մետր ուղևորային գնացքի և 100 մետր բեռնակազմի համար»,– ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, որ վրաերթերի առավելագույն թիվը գրանցվում է լավ զարգացած անասնաբուծություն ունեցող գյուղական համայնքներում, մասնավորապես` Շիրակի, Արագածոտնի մարզերում և Սևանա լճի ափերին։
Պետրոսյանն ավելացրեց, որ կանխարգելող աշխատանքներին զուգընթաց անցկացվում է շարժակազմի մշտական բարելավում, նորացվում են կայանների նշանները, իսկ երկաթուղու աշխատակիցները վերաորակավորում են անցնում։
Արմավիրի մարզի ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետի տեղակալ Էդիկ Մկրտչյանը նշեց, որ երկաթուղուն մոտ գտնվող համայնքների բնակիչների, հատկապես հովիվների հետ կանխարգելիչ աշխատանքներ են տարվում, որպեսզի նրանք ուշադրությունը կենտրոնացնեն հնարավոր վտանգների վրա, որը նրանց շտապողականության, անուշադրության կամ անփութության հետևանք է։ «Մենք նաև աշխատանքներ ենք տանում գյուղական համայնքներում և հատկապես ծնողների հետ, ում կոչ ենք անում հետևել երեխաներին, որ նրանք չխաղան ռելսերի վրա»,– ասաց Մկրտչյանը։ Նա ավելացրեց, որ այդ աշխատանքներն իրենց պտուղներն են տալիս, և վերջին տարիներին ավելացել է ոչ միայն ոստիկանության և երկաթուղու աշխատակիցների, այլ նաև տեղի բնակիչների զգոնությունը։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:–0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:26 29.10.2013