Սաֆարյան. Հայաստանը հետաքրքրությամբ է հետևում Եվրասիական միության ստեղծմանը
Վերջին ամիսներին Հայաստանում սկսել են ավելի ակտիվ քննարկել երկրի մասնակցության հավանականությունը եվրասիական և եվրոպական տարածքների ինտեգրման գործընթացներին: Փորձագիտական հանրությունը դիտարկում է իրադարձությունների զարգացման ամենատարբեր սցենարներ: Այդ հարցերով նախօրեին Եվրոպական և ասիական մեդիաֆորումի ընթացքում իր կարծիքը հայտնեց քաղաքական վերլուծաբան, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը, ով վերջին հինգ տարիներին գլխավորել է Համագործակցության հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը և ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը:
- Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս եք գնահատում եվրասիական ինտեգրման հեռանկարները:
- Ես` որպես լրագրող և վերլուծաբան, ով վերջին տարիներին, թերևս, Հայաստանում բոլորից հաճախ է գրել այս թեմայով, ցանկանում եմ որոշ դիտարկումներ ներկայացնել: Կարևորում եմ այն, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցից և օգոստոսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանում փաստացի մեկնարկ տրվեց քննարկումների, բանավեճերի այն հարցի շուրջ, թե որքանո՞վ է Հայաստանը կարող իր մասնակցությամբ մոտենալ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին: Իմ կարծիքով, վերջին երեք ամիսներին մեր հասարակությունը շատ հետաքրքիր հայտարարի է եկել: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել հիմնական որոշ սկզբունքների վերաբերյալ, որոնց շուրջ կընթանա եվրասիական ինտեգրացիոն գործընթացին մեր հետագա մասնակցության հետագա հանրային բանավեճը:
Նախ՝ մենք հասկացանք, որ առավել հետաքրքիր և կարևոր է այն, թե ինչ է մտածում մեր հասարակությունն ընդհանուր առմամբ, քան այն, թե ինչպես են իրենց այսօր դրսևորում հայկական տարածության քաղաքական հիմնական ճամբարների քաղաքական գործիչները: Եթե քաղաքական կոնյունկտուրայի կողմից թելադրված այս կամ այն հայտարարությունները մեր հասարակությունում ընկալվում են որոշ վերապահումներով, ապա մեր տնտեսագետների, գործարարների, հասարակական գործիչների, երկրում հարգանք վայելող մարդկանց դիտարկումները կարող են ավելի մեծ օգուտ բերել, որպեսզի հասարակությունն ընդհանուր առմամբ կարողանա կողմնորոշվել այդ կարևոր հարցում:
Երկրորդ՝ պարզ է, որ եվրասիական նախագծի հաջողությունից, Եվրասիական միության աշխատանքի արդյունքներից կախված կլինի այն, թե ինչպես կարձագանքեն այդ գործին հետխորհրդային տարածքի մյուս երկրները: 2014 թվականի հունվարի 1-ը հռչակվել է Եվրասիական միության ստեղծման ամսաթիվը, և մենք գիտենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2012 թվականի մայիսի 6-ի հրամանագրով ուրվագծվել են հիմնական արտաքին քաղաքական կողմնորոշիչները, այդ թվում՝ այս ուղղությամբ: Կարծում եմ՝ այդ գործունեության առաջին արդյունքները, որոնք զանգվածային լրատվամիջոցներով հրապարակային կդառնան, կարևոր նշանակություն են ունենալու:
Երրորդ՝ գոյություն ունի մեր բնակչությանը եվրասիական նախագծի հետ կապված ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական, աշխարհաքաղաքական, մտածողության հարցերի և առավելությունների պարզաբանումը: Այդ ամենը պետք է անել, այն է՝ ուսումնասիրել եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին, մասնավորապես, Մաքսային միությանը Հայաստանի ավելի սերտ միացման հարցը:
- Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու հարցում վերապահումներ կային...
- Կարծում եմ, որ առաջիկա մի քանի ամիսները կդառնան մի ժամանակահատված, երբ մեր տնտեսագետները և նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարները պետք է մեր բնակչությանը բացատրեն ոչ ստանդարտ, ոչ ավանդական, յուրահատուկ որոշումների հնարավորությունները Հայաստանի առնչությամբ, որոն լիարժեք կդարձնեն, օրինակ, նրա անդամակցությունը Մաքսային միությանը, եթե Երևանը գնա այդ քայլին:
Դուք հիշում եք այն վերապահումը, որ մեր հարևանները՝ Վրաստանը և Ադրբեջանը, չեն անդամակցում Մաքսային միությանը, և, այդ պատճառով Հայաստանի մասնակցությունից չարժե տնտեսական մեծ առավելություններ ակնկալել:
Բայց, մյուս կողմից, ես կցանկանայի հիշեցնել ռուս տնտեսագետներից մեկի խոսքը Հայաստանի նկատմամբ այն նույն արտոնությունների և առավելությունների կիրառման մասին, որոնք տարածվում են, ասենք, Կալինինգրադի մարզի վրա, որ նրա մասնակցությունն ավելի լիարժեք լինի: Ես տնտեսագետ չեմ, և այժմ չեմ կարող խոսել տնտեսական շահի կամ այդ ճանապարհին առկա խնդիրների մասին, դա պետք է անեն տնտեսագետներն ու ադմինիստրատորները, այդ թվում՝ ռուս մասնագետները: Նրանք պետք է բացատրեն՝ պետք է, արդյո՞ք, գնալ այդ ուղիով:
- Գոյություն ունեն, արդյո՞ք, հակասություններ Հայաստանի արտաքին քաղաքականության եվրասիական և եվրոպական ուղղությունների միջև:
- Նշեմ մի շատ կարևոր հանգամանք: Վերջին երեք ամիսներին մենք հասկացանք, և հայկական քաղաքական դաշտն այդ հարցում միակարծիք է, որ եվրասիական և եվրոպական ինտեգրման գործընթացների միջև արմատական դիմակայություններ և հակասություններ լինել չեն կարող:
Մենք քաջ գիտակցում ենք, որ ՌԴ ռազմավարական խնդիրը ԵՄ-ի հետ ռազմավարական գործընկերության մակարդակով հարաբերությունների հաստատումն է: Ցանկանում եմ հիշեցնել, որ Ռուսաստանի ռազմավարական գործընկերներ են, օրինակ, և Հայաստանը, և Ադրբեջանը: Այսինքն, Ռուսաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ կարող են լինել այնպիսին, ինչպես Հայաստանի կամ Ադրբեջանի հետ հարաբերություններն են: Էլ ի՞նչ է մեզ պետք: Մեզ պետք է մեծ Եվրոպա՝ Լիսաբոնից կամ Դուբլինից մինչև Վլադիվոստոկ: Այդ գաղափարը ոչ երեկ, ոչ էլ երեկ չէ առաջին օրն է ծնվել, այլ երեսուն կամ ավելի տարիներ առաջ և տարածված է եղել արևմտաեվրոպացի քաղաքական գործիչների շրջանում, օրինակ, վերակառուցման տարիներին: Այն ժամանակ այդ գաղափարը հանդիպեց ԱՄՆ-ի կոշտ դիմակայությանը, որը չէր հավատում այդօրինակ ինտեգրման:
Ռուսաստանն այսօր խորհրդային պետություն չէ: Հետխորհրդային երկրները ժողովրդավարական բարեփոխումների ուղու վրա են, որտեղ մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների գերակշռումը շատ կարևոր են: Ամեն դեպքում, հետխորհրդային տարածքի երկրները ցանկանում են կառուցել ժամանակակից, քաղաքակիրթ հասարակություն, որը, ըստ էության, իր բնույթով, եթե համանման չէ, ապա գոնե մոտ է քաղաքական և հասարակական արժեքների եվրոպական մոդելին:
Մենք մեզ մոտ Հայաստանում ցանկանում ենք մեր քաղաքական, տնտեսական, հասարակական, մարդասիրական և այլ ենթակառուցվածքները համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին: Այսպիսով, մեր խնդիրը ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերությունում պետք է իրագործվի: Այդ դեպքում ավելի դյուրին կլինի անդամակցել ցանկացած ինտեգրացիոն նախագծի որպես քաղաքակիրթ, ժամանակակից, զարգացած երկիր:
- Ի՞նչ կասեք Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հավանականության կապակցությամբ:
- Իմ կարծիքով, մեր կենդանության օրոք մեզ Եվրամիություն չեն ընդունի... Այն խնդիրները, որոնց հետ ԵՄ-ն բախվել է վերջին երկու-երեք տարիներին, ստիպում են վերաիմաստավորել Եվրոպայի հետագա ընդլայնման գործընթացը, և ես բավականին հոռետեսորեն եմ վերաբերվում Հայաստանի միացմանը ԵՄ-ին տեսանելի ապագայում, օրինակ, 15-20 տարիների ընթացքում: Մյուս կողմից, կարծում եմ, որ ոչ միայն մտածողությամբ, այլ նաև տնտեսապես մենք ավելի մոտ ենք մեր հարևաններին, այն տարածքին, որն ընդունված է կոչել «հետխորհրդային»: Չնայած 20 տարիների ընթացքում տեղ գտած բոլոր ապաինտեգրացիոն գործընթացներին, բաժանումներին և տարաձայնություններին՝ այդ տարածքը, այնուամենայնիվ, ավելի միավորում է, քան անջատում: Պարզապես այստեղ բոլոր ծագող հարցերի քննարկման ժամանակ նուրբ մոտեցում է անհրաժեշտ:
- Կոնկրետ ո՞ր հարցերի մասին է խոսքը:
- Կրկին Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Առանց այդ խնդրի քննարկման և լուծման, առանց այն ամբողջապես քննարկելու ցանկության Հարավային Կովկասի երկրներն ընդգրկել Եվրասիական միությունում անհնար է այնպես, ինչպես մինչ օրս անհնար էր ընդգրկել դրանք եվրաինտեգրման գաղափարի մեջ:
Չի կարելի փախչել այդ հարցերի քննարկումից: Պետք է գտնվեն փոխադարձ այնպիսի շահեր, ընդհանուր այնպիսի արժեքներ, որոնք պետք է գերիշխեն այն խորհերի նկատմամբ՝ ով ում ուժով կստիպի կամ կխեղդի անկախության նկատմամբ ձգտումը, անկախ լիարժեք կյանքով ապրելու ցանկությունը միայն այն պատճառով, որ դա ինչ-որ մեկին ձեռնտու չէ: Դրանք միմյանց նկատմամբ համատեղ, լոյալ, հանդուրժողական վերաբերմունքի հարցեր են, այլ ազգությունների ներկայացուցիչների նկատմամբ ժողովրդավարական, բարյացակամ վերաբերմունքի, այլ ժողովուրդների մշակույթի, կրոնի, ցանկությունների և ձգտումների նկատմամբ հարգալից վերաբերմունքի հարցեր են: Առանց այդ հարցերի քննարկման և հնչեցման լայնածավալ ինտեգրման հարցերն ամբողջովին լուծել հնարավոր չէ:
- Բայց այդ գործընթացը շահավե՞տ է Հայաստանի համար:
- Մենք շատ ուշադիր և մեծ հետաքրքրությամբ ենք հետևելու Եվրասիական միության հաջողություններին: Կարծում ենք, որ դա գլոբալ քաղաքականության շատ կարևոր երևույթ է: Բնական է, որ Ռուսաստանը դարձել է ձգողականության և ազդեցության այն կենտրոնը, որը կարող է իր շուրջ հավաքել շատ սերտ տնտեսական, քաղաքական և այլ հարաբերություններ ունենալ ցանկացող երկրներին, և այդ ամենը դուրս բերել նոր, ժամանակակից մակարդակի: Եվրասիական միությունը տնտեսական նոր միավորում է, որը տեսանելի հեռանկարում կդառնա ժամանակակից աշխարհի ձգողականության և ազդեցության կենտրոն:
- Կարող են, արդյո՞ք, լրատվամիջոցները դրական դեր խաղալ այս գործընթացում:
- Անշուշտ, կարող են: Կարծում եմ՝ շատ վատ է, երբ այսօր, այդքան հաճախ և ճիշտ խոսելով Արևելյան գործընկերությանը մեր մասնակցության մասին, անցկացնելով բազմաթիվ սեմինարներ, կլոր սեղաններ և համաժողովներ այդ թեմայով՝ մենք տարօրինակ կերպով քիչ ենք խոսում եվրասիական ինտեգրման մասին, կարծես, դա մեզ բոլորովին չի վերաբերում:
Ես հասկանում եմ, որ այդ գործընթացներին Հարավային Կովկասի մասնակցության համար որոշակի բարդություններ կան, դա բոլորովին ինքնուրույն, նուրբ հարց է: Բայց այդ հարցերը պետք է հնչեցնել և լուծել, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ հետխորհրդային տարածքում միասնական տեղեկատվական տարածության ստեղծումը չափազանց կարևոր քայլ է: Չի կարելի սեփական տնտեսական, քաղաքական զարգացման հարցերը լուծել մեծ ու փոքր տարածաշրջաններում կատարվող երևույթներից զատ, չի կարելի ինքնամեկուսանալ, չի կարելի փակվել ողջ աշխարհից: Պետք է ետ չընկնել և ոչ էլ առաջ վազել, այլ նորմալ ընթանալ այն ուղիներով, որոնք թելադրում է իրականությունը:
Իմ կարծիքով՝ զանգվածային լրատվամիջոցներն այդ հարցում վճռորոշ նշանակություն ունեն: Եթեթ դրանք ադեկվատ չլուսաբանեն մեր հասարակություններում կատարվող իրադարձությունները, ապա այդ հասարակություններում կշարունակվեն ապաինտեգրումն ու տարաձայնությունները, որոնք գոյություն ունեն վերջին 20 տարիների ընթացքում և որոնք, ինչպես այսօր հասկանում ենք, ոչ մի լավ բանի մեզ չեն բերել: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:54 06.12.2012