Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 11, ուրբաթ
եղանակը
Երևանում
+33

Արդշինբանկի վարչության նախագահ․ ճգնաժամի ժամանակ կիբերանվտանգությունը բանկային ոլորտում պետք է լինի ռազմավարական առաջնահերթություն

06.12.2021, 17:40
Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանի հարցազրույցը Financial Times-ի The Banker ամսագրում՝ Տարվա լավագույն բանկը ճանաչվելու կապակցությամբ
Արդշինբանկի վարչության նախագահ․ ճգնաժամի ժամանակ կիբերանվտանգությունը բանկային ոլորտում պետք է լինի ռազմավարական առաջնահերթություն
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանի հարցազրույցը Financial Times-ի The Banker ամսագրում՝ Տարվա լավագույն բանկը ճանաչվելու կապակցությամբ։

- Ի՞նչ ազդեցություն է ունեցել կորոնավիրուսի համավարակը ձեր հաճախորդների վարքագծի վրա և ինչպե՞ս է արձագանքել Արդշինբանկը։

- Ինչպես ցանկացած ճգնաժամ, Covid-19-ն էլ մեզ համար նոր փորձության և նոր հնարավորությունների մեծ մարտահրավեր էր, և դեռ շարունակում է այդպիսին մնալ: Երբ լոքդաունի սկզբնական փուլում անորոշությունները շատ էին և հասարակության իրազեկվածության մակարդակն էլ ոչ բավարար, Արդշինբանկը սահմանեց հակաճգնաժամային միջոցառումների համալիր ծրագիր, որը համահունչ էր պետության կողմից լոքդաունի նորմատիվ պրոտոկոլներին: Մեզ հաջողվեց մեր անձնակազմի շուրջ 70%-ը երկու շաբաթվա ընթացքում տեղափոխել հեռավար աշխատանքի: Հաճախորդների հետ մեր հարաբերություններում որդեգրեցինք անհատական մոտեցման սկզբունքը և հաճախորդի բանկ այցելելու բանաձևը փոխարինեցինք «բանկը գնում է հաճախորդի մոտ» մոդելով: Այս հարցում մեր հաճախորդների հետ ունեցանք արդյունավետ համագործակցություն, ինչի նախապայմաններից մեկն էլ Արդշինբանկի օնլայն բանկինգի և մոբայլ բանկինգ հավելվածի պարզ ու մատչելի հասանելիությունն էր: Այլ տրամաբանությամբ և աշխատանքային ռեժիմով սկսեց գործել շուրջօրյա կոմունիկացիոն կենտրոնը՝ բավարարելով անորոշություններից խճճված հաճախորդների տեղեկատվական պահանջմունքները: Եվ եթե ամփոփելու լինենք այս պահի դրությամբ, ըստ մեր հաճախորդների ցուցաբերած վարքագծի կարող ենք փաստել, որ մենք հաջողությամբ ենք հաղթահարել դեռևս շարունակվող ճգնաժամի առաջին ալիքը, բայց էլ ավելի կարևոր է հպարտությամբ արձանագրել, որ մենք մեր փոխըմբռնման արդյունքում ևս մեկ անգամ ամրագրեցինք բանկի գլխավոր արժեքն ու կարգախոսը՝ Մենք ուժեղ ենք միասին:

- Որո՞նք էին կորոնավիրուսի դրական ազդեցությունները Ձեր բիզնեսի վրա:

- Երբ ողջ համաշխարհային տնտեսության զարգացման տեմպը ընկնում է, երբ բազմաթիվ ոլորտներ համավարակի արդյունքում դառնում են անաշխատունակ, սպառումը դանդաղում է, արտադրողականությունը նվազում, խոսել դրականի մասին և տեսանելի հորիզոնում ակնկալել որևէ դրական միտում իրատեսական չէ: Բայց ցանկացած ճգնաժամ մարդուն դասեր է տալիս: Առաջին և ամենակարևորը, ժամանակի ավելի ռացիոնալ օգտագործման դասն է, և ծառայություններից հեռավար օգտվելու հասանելիությունը էլ ավելի արդիականացնելու մարտահրավերը: Մենք, ինչպես նշեցի, կարողացանք մեր առցանց ծառայությունների միջոցով անխափան սպասարկել մեր հաճախորդներին, և այսօր արդեն հետահայաց վերլուծության և համաշխարհային թրենդի ուսումնասիրության արդյունքում մշակել ենք թվային արդիականացման մեր օրակարգը, որով հետևողականորեն առաջ ենք շարժվում, մեր հաճախորդներին էլ ավելի հարմարավետ գործիքակազմ առաջարկելու և տրամադրելու համար: Պետք է փաստել մեկ բան. Covid-19 համավարակը դարձավ մեր ամենաուժեղ աջակիցը բանկի թվային տրանսֆորմացիայի գործում: Եթե մինչև ճգնաժամը մոբայլ բանկի հավելվածով մեր հաճախորդները իրականացնում էին գործարքների 19%-ը, ապա այժմ արդեն ողջ գործարքների շուրջ 50% հաճախորդները իրականացնում են հենց մեր այդ հավելվածով:

- Ո՞րն է Արդշինբանկի կայունության գրավականը:

- Բանկային գործում կայունությունը ամենօրյա պատասխանատու աշխատանքի, ռիսկերի տրամաբանական փոխզսպման սկզբունքների և փոխադարձ վստահության ամբողջականությունն է: Արդշինբանկի կայունության գրավականը մեր անցած ճանապարհն է, հաճախորդների հետ մեր՝ միմյանց հանդեպ հարգալից հարաբերությունները, 62 մասնաճյուղերի, մեր բոլոր աշխատակիցների նվիրումը իրենց գործին և հավելյալ արժեք ստեղծելու մեր անշեղ ուղենիշը:

- Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է բանկերը բավարարեն հաճախորդների ժամանակակից պահանջմունքները:

- Շատ կարևոր հարց եք տալիս: Ժամանակակից մարդու պահանջմունքները օր օրի տրանսֆորմացվում են, և այդ տրանսֆորմացիան թելադրված է ինչպես ճգնաժամերի, այնպես էլ մեր առօրյա կյանքի ռիթմի սրընթաց փոփոխություններից: Ճգնաժամը արագացրեց ժամանակակից մարդու հիմնական պահանջմունքերի համալիր ընկալումը: Մենք կարողացանք այս ընթացքում վերլուծել և հասկանալ թվայնացման հիմնական թրենդը: Բանկային գործում թվայնացման և ծառայությունների առցանց հասանելիության առաջին մարտահրավերը այսօր, թերևս, կիբերանվտանգությունն է, որը դարձել ու առաջիկայում՝ թվային պրոդուկտների զարգացմանը զուգահեռ դառնալու է թիվ մեկ մտահոգությունը: Այս տեսանկյունից ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման հիմնական ռիսկը տեղափոխվում է կիբերանվտանգության ոլորտ, և երբ գործ ունեք մարդկանց եկամուտների, խնայողությունների, ակտիվների հետ, այս ոլորտին անհրաժեշտ է տալ ռազմավարական առաջնահերթություն:-0-