«Նաիրիանի» համահիմնադիր. կորոնավիրուսից հայկական բիզնեսի վնասներն անխուսափելի են, սակայն կա հնարավորություն դրանք հասցնել նվազագույնի
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./ԱՌԿԱ/. «Նաիրիան» ընկերության համահիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանի հարցազրույցն` «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալություններին #SaveBusiness հատուկ նախագծի շրջանակում։
Ինչպե՞ս է փոխվել ձեր գործունեությունը կորոնավիրուսի բռնկումից հետո։
Ա. Մարկոսյան. Նաիրիանը շարունակում է մասամբ աշխատել, քանի որ մենք կոսմետիկ միջոցներ ենք արտադրում և այսպիսով մտնում ենք այն ձեռնարկությունների ցանկի մեջ, որոնց գործունեությունը այս սահմանափակումների ժամանակ թույլատրվում է: Գրասենյակի աշխատակիցները, ինչպես և մնացած բոլորն այս շրջանում, աշխատում են տնից, իսկ մեր երեք բուտիկները փակ են, սակայն Արագյուղում կյանքը շարունակվում է գրեթե առանց փոփոխության: Ճիշտ է, արտադրանքի ծավալները խիստ նվազել են, բայց գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են նույն ծավալով:
Կարևոր է բալանսավորել ստեղծված իրավիճակը և աշխատանքային զբաղվածությունը, որպեսզի կարողանանք պահպանել մեր ամբողջական թիմը։ Սա կարևոր է նաև հոգեբանական տեսանկյունից։
Գործարկե՞լ եք առաքման ծառայություն, որքանո՞վ է այն պահանջված, ի՞նչ են հիմնականում պատվիրում։
Ա. Մարկոսյան. Նաիրիանը պարզապես կոսմետիկ միջոցներ արտադրող հերթական ընկերություն չէ։ Մեզ համար առաջնային է մեր սպառողի առողջությունը, այդ պատճառով մեր արտադրանքի հիմքում բնական եթերայուղերն են, իսկ կոսմետիկայի հիմքում արոմաթերապիան է։ Այս ամենը նշանակում է, որ հաճախորդի հետ ուղիղ շփումը չափազանց կարևոր է։ Մեր բոլոր բուտիկները հիմա փակ են, սակայն մենք ունենք անվճար առաքում Երևանի ամբողջ տարածքով: Ի դեպ, ամեն պատվերի հետ անվճար նվեր ենք ուղարկում` նարդոսի բնական եթերայուղով պատրաստված ախտահանիչ միջոց ձեռքերի համար:
Մեր տեսականուն կարելի է ծանոթանալ nairian.am կայքից, պատվերները կատարել մեր ֆեյսբուքյան էջից:
Շուտով հնարավոր կլինի մեր ապրանքները պատվիրել անմիջականորեն մեր կայքից: Նաիրիանը համագործակցում է նաև առաքում կատարող մի շարք կայքերի հետ, որոնց թվում են menu.am-ը, buy.am-ը և 4u.am-ը։ Հայաստանում Նաիրիանը կարծես դարձել է անհրաժեշտություն։ Անշուշտ, առաքման ծառայությունը բոլորովին չի չեզոքացնում այն վնասները, որ մենք կրում ենք՝ փակ պահելով մեր բոլոր երեք բուտիկները. այն ավելի շատ հնարավորություն է տալիս պարզապես չզրկել մեր հավատարիմ հաճախորդներին իրենց անհրաժեշտ միջոցներից։
Գործարկվե՞լ են «հակակորոնավիրուսային» ակցիաներ։
Ա. Մարկոսյան. Ինչպես արդեն նշել էի, առաջին հերթին փակեցինք մեր բոլոր բուտիկները Երևանում, աշխատակիցների մի մասը անցավ տնից աշխատելուն:
Արտադրամասում աշխատանքը սկսվում և վերջանում է ջերմություն չափելով` ստուգվում են բոլորն անխտիր` դաշտերում և այգում աշխատողները, վարորդը: Լաբորատորիայում սովորական խալաթներին, մազակապերին և ձեռնոցներին այժմ ավելացել են նաև դիմակները: Աշխատանքի ժամանակ մարդիկ պահպանում են պատշաճ հեռավորություն միմյանցից, իսկ ճաշարանը փակ է:
Ախտահանիչ նյութերի պակաս բնականաբար չունենք, որովհետև ինքներս ենք արտադրում, դեռևս միայն մեր աշխատակիցների համար, և որպես նվեր՝ այս օրերին մեր արտադրանքն առցանց պատվիրող հաճախորդներին:
Հույս ունե՞ք, որ պետությունը կօգնի։ Կոնկրետ ի՞նչ միջոցառումներ կկարողանային աջակցել ձեր բիզնեսին այս իրավիճակում։
Ա. Մարկոսյան. Փորձում ենք մեր ուժերով բիզնեսը պատրաստել դիմակայելուն։
Այս շրջանում ամենամեծ աջակցությունը մենք ստանում ենք մեր սիրելի հաճախորդներից, ինչպես տեղական մյուս բիզնեսները։ Այս օրերին բոլորս իրար պիտի նեցուկ լինենք, և վստահ ենք, այլ բիզնեսներ նույնպես զգում են իրենց հաճախորդների աջակցությունը։
Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս ոլորտում ստեղծված իրավիճակը Հայաստանում։ Կատարե՞լ եք կորոնավիրուսի հետևանքով ոլորտին հասցված վնասի նախնական հաշվարկ:
Ա. Մարկոսյան. Հայաստանում կոսմետիկայի արտադրության ոլորտում մենք լրիվ մենակ չենք, և այս դաշտում կան մի քանի ավելի փոքր խաղացողներ նույնպես, սակայն ոլորտը շատ մեծ չէ: Ոչ ոք դեռևս չի կարող կանխագուշակել բիզնեսներին պատճառված վնասը, բայց մի բան միանշանակ հստակ է. Հայաստանում բավականին շուտ սկսվեցին կանխարգելիչ միջոցառումները, որպեսզի ենթադրվող վնասները նվազագույնի հասցվեն։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ վնասներն անխուսափելի են լինելու։
Կոսմետիկ միջոցներն այն պարագաները չեն, որ ճգնաժամի ժամանակ մարդիկ շտապում են առաջինը ձեռք բերել, այնուամենայնիվ, մեր բնական դեզադորները, ձեռքի պինդ քսուքները, շուրթերի բալզամը մանրէասպան և ախտահանիչ հատկություններ ունեն։ Մեր բնական օճառները և ձեռքի քսուքները, որոնց բաղադրության մեջ առկա են եթերայուղեր, խնամում են մաշկը և պաշտպանում չորությունից։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:35 07.04.2020