Հայաստան և Ուկրաինա` դարավոր բարեկամություն

Հայաստան և Ուկրաինա` դարավոր բարեկամություն

Օգոստոսի 24–ին Ուկրաինան նշեց Անկախության օրը։ Հայ–ուկրաինական համագործակցության ներկա վիճակի, փոխգործակցության զարգացման հեռանկարների մասին «ԱՌԿԱ» գործակալությանը պատմեց Հայաստանում Ուկրաինայի Արատակարգ և Լիազոր դեսպան Իվան Կուխտան։

ԱՌԿԱ. Պարոն Կուխտա, ինչպե՞ս եք գնահատում հայ-ուկրաինական փոխգործակցության ներկայիս մակարդակը։ Տեսնու՞մ եք, արդյոք, մեր երկրների միջև փոխգործակցության հետագա զարգացման հեռանկարներ։

Ի.Կուխտա.
Խոսելով երկկողմ համագործակցության ներկայիս վիճակի մասին` կարող եմ գոհունակությամբ նշել մեր երկրների միջև առկա փոխգործակցության բարձր մակարդակը։ Այսօրվա դրությամբ, զարգացման դրական միտում է նկատվում ինչպես քաղաքական–տնտեսական, այնպես էլ մշակութային-հումանիտար հարաբերություններում։

Դրանց հիմքը երկու երկրների` դարերի խորքից եկող փոխհարաբերությունների երկարատև պատմությունն է։ Ինչպես հայտնի է, Ուկրաինայի առաջին հայկական համայնքն առաջացել է դեռ 11–րդ դարում, և շատ կարևոր է, որ ուկրաինացի և հայ ժողովուրդների միջև բարեկամությունը շարունակվում է նաև այսօր։

Ուկրաինայի և Հայաստանի միջև քաղաքական հարաբերությունները վերջին ժամանակներում զգալիորեն ակտիվացել են։ Նախորդ տարի կայացավ Հայաստանի նախագահի պաշտոնական, իսկ այս տարի` աշխատանքային այցն Ուկրաինա։ Նախորդ տարվա հուլիսին և այս տարվա մարտին անցկացվեցին Հայաստանի օրեր Ուկրաինայում և Ուկրաինայի օրեր Հայաստանում։ Անցկացվեց ուկրաինահայկական բիզնես ֆորում, ինչպես նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Այս տարվա ապրիլին Կիևում քաղաքական խորհրդատվություններ անցկացվեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։

Բարձր մակարդակով երկխոսության կարևոր տարրեր դարձան Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոյի և Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի այցերը Հայաստան։ Այս տարի Հայաստան այցելեցին նաև Ուկրաինայի մշակույթի նախարար Միխայիլ Կուլինյակը և Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարար Պյոտր Պորոշենկոն։

Անխոս, այդպիսի բարձր մակարդակով բոլոր հանդիպումները ոչ միայն նպաստում են մեր պետությունների միջև հարաբերությունների ամրապնդմանը, այլ նաև ուղղված են մեր երկրների քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման կոնկրետ ծրագրերի իրագործմանը։

Այսպիսով, կարելի է փաստել, որ երկկողմ հարաբերությունների վերջին ժամանակահատվածը շատ ինտենսիվ էր, և վստահ եմ, որ այդ բարձր դինամիկան կպահպանվի։ 

ԱՌԿԱ. Տնտեսության ո՞ր ոլորտներում է երկու երկրների միջև համագործակցությունն առավել հեռանկարային։

Ի.Կուխտա.
Ուկրաինայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակը չի համապատասխանում դրանց ներուժին։ Ափսոսանքով պետք է փաստեմ, որ տնտեսական երկկողմ համագործակցությունը սահմանափակվում է միայն առևտրով, թեև մենք կարող ենք երկկողմ փոխգործակցություն զարգացնել տնտեսության տարբեր բնագավառներում, մասնավորապես, մեքենաշինության և էներգետիկայի ոլորտներում։ Ուկրաինական ձեռնարկությունները շահագրգռված են ԱԷԿ–երի, ՋԷԿ–երի և ՀԷԿ–երի էներգետիկ սարքավորումների մատակարարմամբ, ինչպես նաև Հայաստանում էներգետիկ նոր օբյետկտների կառուցմամբ և գործող էներգետիկ օբյեկտների արդիականացմամբ։
 
Ուկրաինական կողմը բազմիցս հայկական կողմի դիտարկման է ուղղել երկաթուղային շարժակազմերի, բեռնատար, ուղևորատար ավտոբուսների և միկրոավտոբուսների, ուկրաինական քիմիական արտադրանքի մատակարարումների հնարավորության հարցը։ Ուկրաինական ձեռնարկությունները պատրաստ են իրականացնել ջերմաքարշների մատակարարում, դրանց արդիականացումն ու նորոգումը։ Հաշվի առնելով գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության բնագավառում Ուկրաինայի հնարավորությունները և այդ արտադրանքի պահանջարկը Հայաստանում` մենք կարող ենք իրականացնել գյուղտեխնիկայի փոխադարձ մատակարարումներ, մասնավորապես, լիզինգի և գյուղացիական տնտեսությունների համար ընդունելի այլ մեխանիզմների հիման վրա։

Մեր երկրների միջև այս տարվա չորրորդ եռամսյակում երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման և խորացման նպատակով Երևանում ծրագրվում է Տնտեսական համագործակցության հարցերով ուկրաինա–հայկական միջկառավարական հանձնաժողովի համատեղ վեցերորդ նիստի և դրա շրջանակներում` բիզնես–ֆորումի անցկացումը։

ԱՌԿԱ. Հետաքրքրվա՞ծ է, արդյոք, Ուկրաինան Հայաստանում նոր ԱԷԿ–ի կառուցմամբ։

Ի.Կուխտա.
Ուկրաինական ձեռնարկությունները շահագրգռված են Հայաստանի տարածքում էներգետիկ տարբեր նախագծերի իրագործման մասնակցությամբ, այդ թվում` ԱԷԿ–ի կառուցման գործում։ Դեսպանությունը հետևում է այդ հարցին և նախագծի իրագործման շրջանակներում միջազգային թենդերների հայտարարման դեպքում կիրազեկւի Ուկրաինայի համապատասխան գերատեսչություններին և ձեռնարկություններին` իրենց հնարավոր մասնակցության նպատակով։

ԱՌԿԱ. Ինչպիսի՞ն է հայ–ուկրաինական ապրանքաշրջանառության մակարդակը և համապատասպանում է այն, արդյո՞ք, պետությունների ներուժին։ Հայկական և ուկրաինական ո՞ր ապրանքներն են պահանջված երկու երկրների շուկաներում։

Ի.Կուխտա.
Ուկրաինան շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքերից մեկը հայկական շուկայում իր արտադրանքը ներկայացնող երկրների շարքում։ Մեր վիճակագրական տվյալներով, 2012 թվականի հունվար–մայիսին ապրանքների և ծառայությունների արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 75 միլիոն ԱՄՆ դոլար։ Միաժամանակ, գրեթե 67 միլիոն դոլար է կազմել ապրանքների  արտահանումն ու  ծառայությունները, և մոտ 8 միլիոն` ներկրումը։ Ապրանքային կառուցվածքում գերակշռում է ագրոարդյունաբերական և մետաղագործական արդյունաբերության արտադրանքը։ Տարեսկզբից Ուկրաինայից Հայաստան է ներկրվել 25 հազար տոննա ազոտային պարարտանյութ։

Նախորդ տարի ապրանքաշրջանառությունը կազմել է 270 միլիոն դոլար։ Այս տարի Ուկրաինայից Հայաստան արտահանման որոշակի անկում է նկատվում։ Մեր գնահատականներով, դա կապված է Ուկրաինայից Հայաստան հացահատիկայինների մատակարարման կրճատմամբ։

Ես հանդիպել եմ առևտրային ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք զբաղվում են գյուղատնտեսական արտադրանքի, այդ թվում` արևածաղկի ձեթի, հրուշակեղենի, օղու և գինիների ներկրմամբ։ Այդ ուղղությամբ աճ է նկատվում։ Հայկական կողմը շահագրգռված է ուկրաինական ապրանքի ներմուծմամբ, ինչպես նաև իր արտադրանքի արտահանմամբ ուկրաինական շուկա։

Մենք մտադիր ենք պահել Հայաստանի՝ առևտրատնտեսական առաջատար գործընկերներից մեկի դիրքերը։

ԱՌԿԱ. Ուկրաինական նավահանգիստները կարող են դառնալ Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող տրանսպորտային կարևոր հանգույցներ։ Ինչպե՞ս եք կարծում, կարող է, արդյո՞ք, ուկրաինական կողմն ավելի շահավետ տարանցիկ սակագներ առաջարկել հայ ձեռնարկատերերին։

Ի.Կուխտա.
Ուկրաինան կենտրոն է, որտեղ հատվում են անդրմայրցամքային մասշտաբի բազմաթիվ առևտրատնտեսական ուղիներ։ Աճի բարձր տեմպերի ապահովման նպատակով Ուկրաինան պետք է առավելագույնս օգտագործի իր տարանցիկ ներուժը, մասնավորապես, ծովային տրանսպորտի ոլորտում, որը միշտ եղել է ուկրաինական տնտեսության բազային բնագավառներից մեկը, որն ապահովում է պետության արտաքին տնտեսական և արտաքին քաղաքական շահերը։

1995 թվականից Ուկրաինան լաստանավով փոխադրումներ է իրականացնում Սև ծովով` «Ուկրֆերրի» նավագնացության ընկերություն» մասնավոր բաժնետիրական ընկերության միջոցով։

Ներկայում «Ուկրֆերրին» «Շիպկայի հերոսներ», «Պլևնյայի հերոսներ», «Կալեդոնիա» ավտոմոբիլաուղևորատար լաստանավի, ինչպես նաև երկաթուղային–ավտոմոբիլային «Գրեյֆսվալդ» լաստանավի օպերատորն ու մենեջերն է։

Ուկրաինական ընկերության ղեկավարությունը պարբերաբար վերանայում է բեռնա– և ուղևորափոխադրումների սակագնային տոկոսադրույքները դրանց մրցունակության նպատակով։

Ներկայում «Ուկրֆերրի» ընկերությունը Հայաստանին Հայաստան–Ռուսաստան և հետադարձ ուղղությամբ տարանցիկ երկաթուղային և ավտոմոբիլափոխադրումների արտոնյալ հատոիկ սակագին է տրամադրում։ Այսպես, եթե ունիվերսալ վագոնի փոխադրման արժեքը կազմում է 2700 ԱՄՆ դոլար, ապա Հայաստանի համար` 2000 դոլար, բեռնատար ավտոմոբիլի փոխադրման գինը 1050 դոլար է, իսկ Հայաստանի համար` 800 դոլար։

ԱՌԿԱ. Փորձագետների կարծիքով, հետխորհրդային տարածքի երկրները երկու միավորումների` եվրոպական և եվրասիական միությունների ընտրության առջև են կանգնած։ Ուկրաինան, արդյո՞ք, կողմնորոշվել է այդ հարցում։ Որո՞նք են Կիևի արտաքին քաղաքական գերակայությունները տեսանելի հեռանկարում։

Ի.Կուխտա.
Այդ կապակցությամբ կցանկանայի տեղեկացնել, որ 2012 թվականի մայիսի 15–ին Բրյուսելում կայացել է Ուկրաինա–ԵՄ համագործակցության հարցերով խորհրդի տասնհինգերորդ նիստը։ Նիստի արդյունքներով, մայիսի 17–ին անցել է Ուկրաինայի արտաքին գործերի նախաևաև Կոնստանտին Գրիշչենկոյի ճեպազրույցը։ Իր ելույթում արտգործնախարարը, մասնավորապես, ընդգծել է հետևյալը. «Մենք շարունակում ենք Եվրոպայի Միությունը դիտարկել որպես մեր հիմնական առաջնահերթություն, բայց գիտակցում ենք, որ Եվրամիությանն ամբողջապես ինտեգրվելու նպատակով անհրաժեշտ տնտեսական մակարդակի հասնելու համար մենք պետք է աշխատենք բոլոր այն շուկաներում, որտեղ մեր ապրանքները վաճառելու հնարավորություն կա»։ Այսօր այդ թեզիսը Կիևի արտաքին քաղաքական գերակայությունն է։

Ուկրաինան առատ պարենային ռեսուրսներով հարուստ ինքնաբավ մեծ եվրոպական պետություն է, և տարեցտարի դրանց հերթն աճելու է, ինչն ազգային արտաքին քաղաքականության ռազմավարական նոր ուղղությունների ակտիվացման ֆոնին կհզորացնի մեր դիվանագիտության ներուժը և նոր գործընկերների հետ նաև նոր ներդրողներ կներգրավի։

ԱՌԿԱ. Ո՞րն է պաշտոնական Կիևի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ Ազդում են, արդյո՞ք, այդ մոտեցման վրա Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ձևավորված սերտ հարաբերությունները։

Ի.Կուխտա.
Ուկրաինան բարեկամական և գործընկերային հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, և մեր շահերից է բխում, որ այդ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով։ Ուկրաինան կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում փոխընդունելի որոշումների որոնմանը։

ԱՌԿԱ. Հաջորդ տարի Ուկրաինային է անցնելու ԵԱՀԿ–ի նախագահությունը։ Ի՞նչ քայլեր է մտադիր ձեռնարկել Կիևը այդ ժամանակահտվածում ղարաբաղյան կարգավորման գործընթացն աշխուժացնելու ուղղությամբ։

Ի.Կուխտա.
2013 թվականին Ուկրաինան կնախագահի ԵԱՀԿ–ում։ Դա շատ կարևոր և պատասխանատու առաքելություն է։

ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի ընթացքում Ուկրաինայի արտգործնարարը Կազմակերպության 56 անդամ պետությունների պատվիրակություններին ներկայացրեց իր նախագահության ընթացքում ԵԱՀԿ–ի հիմնական գերակայությունների տեսակետը։ Ուկրաինան կգործադրի բոլոր ջանքերը ԵԱՀԿ տարածքում երկարատև հակամարտությունների հանգուցալուծմանը նոր ազդակ հաղորդելու, ինչպես նաև հակամարտությունների նախազգուշացման և նոր մարտահրավերների ու անվտանգության վտանգների արագ արձագանքման ուղղությամբ Կազմակերպության արդյունավետության ամրապնդմանն օժանդակելու ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, ուկրաինական նախագահությունը ռազմաքաղաքական ոլորոտւմ կսատարի Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման գործուն ռեժիմի վերսկսմանը, զանգվածային ոչնչմացման զենքի չտարածմանը և ռազմական ոլորտում վստահության քայլերի ամրապնդմանն ուղղված ջանքերին։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված` Ուկրաինան իր նախագահության ընթացքում կօժանդակի ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` այս հարցի կարգավորման նպատակով։

ԱՌԿԱ. Ուկրաինայի անդամակցությունը ՎՈՒԱՄ–ին ազդո՞ւմ է հայ–ուկրաինական հարաբերությունների վրա։

Ի.Կուխտա.
Ուկրաինան ՎՈՒԱՄ–ը դիտարկում է որպես տնտեսական կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է նրա կազմում ընդգրկված երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ ՎՈՒԱՄ–ին անդամակցելը չի ազդում Հայաստանի հետ հարթ, բարի հարաբերությունների վրա։
 
ԱՌԿԱ. Ինչպե՞ս են իրենց զգում հայերն Ուկրաինայում։ Ի՞նչ դեր է խաղում հայկական համայնքը ձեր երկրի հասարակական–քաղաքական, մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքում։

Ի.Կուխտա.
Հաճույքով կպատասխանեմ այս հարցին, քանի որ, իմ համոզմունքով, չնայած քաղաքական գործիչների և տնտեսագետների, գործարարների և փորձագետների շփումների կարևորությանը, մեր ժողովուրդների պատմությունը, նախևառաջ, միջանձնային հարաբերություններն են։ Իսկապես, այսօր Ուկրաինայում ապրում է ուկրաինահայ բավականին մեծ համայնք։ Օրինակ, 90–ականների սկզբին նրանք մոտ 30 հազար էին։ Ներկայում հայկական համայնքն աճել է մինչև 300 հազարի։ Նրանց մեծամասնությունն իրեն գտել է այս կամ այն ոլորտում` ոչ միայն արտադրությունում կամ առևտրում, այլ նաև քաղաքականության, մշակույթի ոլորտներում։ Ինձ հաճելի է փաստել, որ նրանք իրենց մեր երկրի լիարժեք անդամ են զգում։

Կցանկանայի նշել, որ այսօր ուկրաինական պետությունը մշտական ուշադրության կենտրոնում է պահում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, այդ թվում` հայերի մշակութային, հոգևոր հարցերը։ Օրինակ, վերջերս Գերագույն Ռադան ընդունեց Օրենք լեզվի քաղաքականության մասին, որում երաշխավորվում է բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների` իրենց բնակավայրում մայրենի լեզվի օգտագործման իրավունքը։ Բացի այդ, 2011 թվականի Ղրիմում որոշում ընդունվեց Ուկրաինայի` հայկական համայնքի ներկայացուցիչների բնակավայրերում գտնվող հանրակրթական դպրոցներում հայոց լեզվի ֆակուլտատիվ ուսումնասիրման մասին։

Հայ ժողովրդի ներկայացուցիչներն Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ են, ինչպես նաև բարձր պաշտոններ են զբաղեցնում տեղական ինքնակառավարման մարմիններում։

Այսպիսով, կարելի է փաստել հայկական համայնքի ինտեգրման բարձր մակարդակն ուկրաինական հասարակությունում, նրա հասարակական–քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։

ԱՌԿԱ. Հայտնի է, որ Ուկրաինայում կան բազմաթիվ հայկական ճարտարապետական հուշարձաններ։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ուկրաինական իշխանությունների կողմից դրանց պահպանման ուղղությամբ։

Ի.Կուխտա.
Կկրկնեմ խոսքս, որ ուկրաինական պետությունը զգալի ուշադրություն է դարձնում ոչ միայն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների և ազատության ապահովմանը, այլ նաև այն ճարտարապետական հուշարձանների պահպանմանը, որոնք գտնվում են Ուկրաինայի տարածքում։

Դրա վկայությունն է, օրինակ, 2008թ.–ին Սուրբ Խաչ հայտնի հայկական եկեղեցու 650–ամյա տոնակատարությունը, որին հրավիրված էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Գարեգին ІІ Կաթողիկսը։

Այդ համալիրը վերականգնվել է ուկրաինական պետության հաշվին, ճանապարհը ասֆալտապատվել է, բազմաթիվ այլ խնդիրներ են լուծվել։ 

Ավելին, այդ հոբելյանի կապակցությամբ Ուկրաինայի Ազգային բանկն առաջին անգամ 10 գրիվեն հուշադրամ է թողարկել՝ վանքի և հայկական խաչքարի պատկերով։ Ուկրաինայի պետական մարմինների աջակցությամբ վերականգնվել են  Լվովում գտնվող հայկական Մայր Տաճարի որմնանկարները։

Այսօր, ես գիտեմ, որ Կիևի շրջանային վարչությունը հայ համայնքին Կիևի մոտ հողային տարածք է հատկացրել հայկական տաճար կառուցելու համար։ Պատմական հուշարձանների վերականգնման ակտիվ աշխատանք է տարվում նաև Ղրիմում։
 
Ելնելով դրանից` կցանկանայի ընդգծել, որ Ուկրաինան պատշաճ ֆինանսավորում է հատկացնում հայերի ճարտարապետական ժառանգության պահպանման համար, և երկրի գրեթե ողջ տարածքում բնակվող հայկական մեծ համայնքն այսօր ունի պետությանն օգուտ բերելու բոլոր հնարավորությունները և բոլոր անհրաժեշտ գործիքներն իր մշակութային կարիքները բավարարելու համար։

ԱՌԿԱ. Ակնկալվում են, արդյո՞ք, առաջիկայում փոխայցելություններ բարձր մակարդակով։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում են այդ ուղղությամբ երկխոսության, մարդասիրական և մշակութային փոխգործակցության աշխուժացման համար։

Ի.Կուխտա.
Նախևառաջ, կցանկանայի ընդգծել, որ երկու երկրների միջև պահպանվում է ամենաբարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։ Ինչպես գիտեք, 2012 թվականի հուլիսի 1-2–ը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Ուկրաինակում, որի շրջանակներում հանդիպում ունեցավ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ։ Ապրիլին կայացան քաղաքական խորհրդատվություններ երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև։ Ավելի վաղ` մարտին, Հայաստանում անցան ուկրաինական մշակույթի օրեր։ Ներկայում մենք մեր ջանքերը կենտրոնացնում ենք 2012 թվականի չորրորդ եռամսյակում Երևանում Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստի անցկացման ուղղությամբ։

Ինչ վերաբերում է մշակութային–մարդասիրական ուղղությանը, ապա կցանկանայի նշել դրանց բարձր մակարդակը։ Այսօր մենք նաև կարող ենք դրական միտումներ նշել Ուկրաինայի և Հայաստանի Գրողների միության միջև համագործակցության մեջ։ Մշակույթի օրերին անցկացվեց ամբողջությամբ Հայաստանին և հայկական մշակույթին նվիրված «Վսեսվիտ» ամսագրի շնորհնդեսը։ Ամսագիրը վերջերս պարգևատրվեց Հայաստանի մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով»։

Համատեղ ջանքերով հրատարակության է նախապատրաստվել հայերեն լեզվով ուկրաինական ժամանակակից պոեզիայի ժողովածուն, որի շնորհանդեսն անցկացվեց այս տարվա հուլիսին Երևանում։

Այսպիսով, երկու պետությունների միջև համագործակցության շրջանակը շատ լայն է։ Հիմնական ուղղություններն ունեն կոնկրետ բովանդակություն և մեծ հեռանկար։

Այսօր կարելի է խոսել նաև այնպիսի մի հեռանկարային ուղղության մասին, ինչպես երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցությունը։ Սա շատ կարևոր է, քանի որ հենց երիտասարդությունն է երկկողմ հարաբերությունների զարգացման շարունակողը։ Ցավոք, այս պահին այդ ուղղությունն օբյեկտիվ պատճառներով մի փորք հետ է մնում։ Վերջին տարիներին կրճատվել է ուսանողական պատվիրակությունների փոխանակման թիվը, ինչը կապտավ է համաշխարհային ճգնաժամի հետ, քանի որ այդ ուղղությունը որոշակի ֆինանսական ծախսեր է ենթադրում։

Բայց մենք փորձում ենք անել ամեն ինչ, որ ուսանողներն ու դպրոցականները միմյանց հետ շփման ավելի մեծ հնարավորություններ ունենան։ Հայաստանի երիտասադության ներկայացուցիչները սովորում են Ուկրաինայի բուհերում։ Ուկրաինական կողմը Հայաստանի և ուկրաինահայ քաղաքացիների համար բարձրագույն ուսումնական հաստատություններում 4-5 անվճար տեղեր է հատկացնում։

Այս տարի Ուկրաինան «Արտեկ» միջազգային երիտասարդական կենտրոնի հիմքի վրա կազմակերպեց «Փոխենք աշխարհը դեպի լավը» փառատոնը, որին հրավիրված էին երեխաներ և մանկական կոլեկտիվներ ողջ աշխարհից, այդ թվում` Հայաստանից։ Ուկրաինան իր վրա է վերցնում «Արտեկում» երեխաների հանգստի ֆինանսավորումը։ Այդ փառատոնն ավանդական է դարձել, և Հայաստանից ժամանած երեխաները մի քանի տարի անընդմեջ ակտիվ մասնակցում են միջոցառմանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:41 28.08.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×