Рейтинг@Mail.ru
USD
360.54
EUR
398.4
RUB
4.3927
GEL
138.94
2026 թ. նոյեմբերի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

Ալեքսանդր Բելյաև. «Տեխնոլոգիաների և մարդկային ներուժի զարգացման ներդրումները հանքարդյունաբերության կայուն զարգացման հիմք են»

14.10.2026, 10:36
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը հարցազրույցում պատմել է ձեռնարկության արդիականացման, արտադրության զարգացման գործում ներդրումների և շատ այլ հարցերի մասին
Ալեքսանդր Բելյաև. «Տեխնոլոգիաների և մարդկային ներուժի զարգացման ներդրումները հանքարդյունաբերության կայուն զարգացման հիմք են»

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը հարցազրույցում պատմել է ձեռնարկության արդիականացման, արտադրության զարգացման գործում ներդրումների, հանքաքարի վերամշակման ծավալների ավելացման պլանների, ժամանակակից բնապահպանական տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև բիզնեսի սոցիալական պատասխանատվության և Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի հեռանկարների մասին:

  -Հայաստանի Հանքարդյունաբերության և մետալուրգիայի միությունը նշում է իր 20-ամյա հոբելյանը։ Ի՞նչ կմաղթեք Միությանը և նրա անդամներին այս կարևոր հոբելյանի առիթով։

— Նախ ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի   Հանքարդյունաբերության և մետալուրգիայի միությանը 20-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Քսան տարին լուրջ ճանապարհ է, որի ընթացքում կատարվել է մեծ աշխատանք՝ ուղղված հանքարդյունաբերության և մետալուրգիական ոլորտների զարգացմանը, մասնագիտական հանրության համախմբմանը, ինչպես նաև պետության, ձեռնարկությունների և հասարակության միջև կառուցողական երկխոսության ձևավորմանը։

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» ողջ անձնակազմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Միությանը համագործակցության, բաց մասնագիտական երկխոսության և ոլորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար։ Մաղթում եմ Միությանը հետագա ամրապնդում, նոր նախաձեռնություններ և, ամենակարևորը, ակտիվ մասնակցություն Հայաստանի ժամանակակից ու մրցունակ հանքարդյունաբերության ձևավորմանը։

Այսօր ոլորտի առջև լուրջ խնդիրներ են ծառացած՝ արտադրության տեխնոլոգիական զարգացում, արդյունավետության բարձրացում, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունք, հանքահումքային բազայի զարգացում և, իհարկե, մասնագիտական նոր սերնդի պատրաստում։ Համոզված եմ, որ այս խնդիրները հնարավոր է լուծել միայն պետության, բիզնեսի, մասնագիտական համայնքի և կրթական հաստատությունների համատեղ ջանքերով։

— Ինչպե՞ս է այսօր զարգանում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Որո՞նք են արդիականացման հիմնական փուլերը։

— ԱՊՄԿ-ն հարուստ պատմություն ունեցող ձեռնարկություն է, որը գործում է արդեն ավելի քան յոթ տասնամյակ։ Սակայն մեզ համար պատմությունը ոչ միայն անցյալ է, այլև պատասխանատվություն ձեռնարկության ապագայի նկատմամբ։

Ավելի քան քսան տարի մենք հետևողականորեն իրականացնում ենք լայնածավալ արդիականացման ծրագիր։ Այս ընթացքում կապիտալ ներդրումների ծավալը գերազանցել է 100 մլն ԱՄՆ դոլարը։ Մենք արդիականացրել ենք արտադրական առանցքային հատվածները, կառուցել նոր ֆլոտացիոն բաժանմունք, շահագործման հանձնել նոր աղացման բաժանմունք՝ լրացուցիչ ջրաղացներով, և փուլային եղանակով հին սարքավորումները փոխարինում ենք ժամանակակից սարքավորումներով։

Վերջին տարիներին շահագործման են հանձնվել նաև մոլիբդենի և պղնձի կորզման համար նախատեսված նոր ֆլոտացիոն մեքենաներ։ Մենք շարունակում ենք թարմացնել ջրաղացային սարքավորումները, փորձարկում ենք ժամանակակից նյութեր և տեխնոլոգիաներ, ուսումնասիրում միջազգային լավագույն փորձը։

Մեզ համար սկզբունքորեն կարևոր է, որ արդիականացումը չսահմանափակվի միայն սարքավորումների փոխարինմամբ։ Մենք ցանկանում ենք ձևավորել արտադրական ժամանակակից մշակույթ, որի պայմաններում մասնագետները մշտապես զարգանում են, ծանոթանում նոր լուծումներին և միջազգային փորձը ներդնում ձեռնարկությունում։

— Որո՞նք են կոմբինատի առաջիկա հեռանկարները որոշող հիմնական ծրագրերը։

— Մեր հիմնական նպատակներից մեկը ֆաբրիկայի արտադրողականության բարձրացումն է՝ ներկայիս տարեկան 4,5 մլն տոննայից հասցնելով 6–6,5 մլն տոննայի։ Միաժամանակ աշխատում ենք մետաղների կորզման ցուցանիշների բարձրացման ուղղությամբ։

Վերջին տարիներին մեզ հաջողվել է զգալիորեն բարելավել այդ ցուցանիշները։ Պղնձի կորզումը մոտավորապես 74%-ից բարձրացել է մինչև 79–81%, իսկ մոլիբդենինը՝ մինչև 74-78 %։

Մեկ այլ ռազմավարական նախագիծ է պոչանքների չոր պահեստավորման անցումը։ Մենք այս տեխնոլոգիան դիտարկում ենք որպես ձեռնարկության հետագա կայուն զարգացման կարևոր բաղադրիչ։ Այն թույլ կտա նվազեցնել գործող պոչամբարի ծանրաբեռնվածությունը և ստեղծել պոչանքների կառավարման առավել ժամանակակից համակարգ։

Այս և այլ ծրագրերի իրականացման համար նախատեսվում է մոտ 50–60 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Սրանք զգալի ներդրումներ են, սակայն հենց նման ներդրումներն են հնարավորություն տալիս ապահովել ձեռնարկության երկարաժամկետ արդյունավետությունը, երկարացնել դրա գործունեության ժամկետը և բարձրացնել արտադրության բնապահպանական անվտանգությունը։

Միաժամանակ մենք պատրաստվում ենք հանքավայրի հետագա երկրաբանական ուսումնասիրություններին և հանքահումքային բազայի լրացուցիչ հետախուզմանը։ Հանքարդյունաբերական ձեռնարկության երկարաժամկետ հեռանկարն անհնար է պատկերացնել առանց սեփական պաշարների վերաբերյալ հստակ պատկերացման և դրանց ռացիոնալ արդյունահանման հնարավորությունների գնահատման։

— Այսօր կայուն զարգացմանը ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձվում։ Ինչպե՞ս է այդ սկզբունքն իրականացվում ԱՊՄԿ-ում։

— Ժամանակակից հանքարդյունաբերական ձեռնարկության համար կայուն զարգացումն այլևս լրացուցիչ ուղղություն չէ, այլ ռազմավարության անբաժանելի մաս։

Ցանկացած հանքարդյունաբերական արտադրություն ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա, և մեր խնդիրն է հնարավորինս նվազեցնել այդ ազդեցությունը՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և միջազգային չափանիշներ։ Այդ պատճառով մենք ներդրումներ ենք կատարում ոչ միայն արտադրողականության բարձրացման, այլև բնապահպանական ծրագրերի իրականացման ուղղությամբ, այդ թվում՝ պոչանքների կառավարման ժամանակակից լուծումների ներդրման համար։

Միևնույն ժամանակ կայուն զարգացումը միայն բնապահպանությունը չէ։ Այն ներառում է նաև աշխատանքի անվտանգությունը, աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացումը, կայուն զբաղվածությունը, տեղական համայնքների հետ համագործակցությունը և բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը։

— ԱՊՄԿ-ն համայնքաստեղծ ձեռնարկություն է։ Ինչպե՞ս է կառուցվում համագործակցությունը համայնքի հետ։

— Մեզ համար սա սկզբունքային նշանակություն ունեցող հարց է։ ԱՊՄԿ-ն ապահովում է ավելի քան 1100 աշխատատեղ, և Ագարակում գրեթե յուրաքանչյուր ընտանիք ուղղակի կամ անուղղակիորեն կապված է ձեռնարկության հետ։ Հետևաբար, կոմբինատի և քաղաքի բարեկեցությունը մեզ համար անբաժանելի են։

Մենք մշտապես համագործակցում ենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ և մասնակցում սոցիալական ու ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։ Մասնավորապես, հիմնանորոգվել են 11 բազմաբնակարան շենքերի տանիքներ, մասնակցում ենք շքամուտքերի վերանորոգմանը, ճանապարհների կառուցմանն ու վերականգնմանը։ Առաջիկա ծրագրերում է նաև քաղաքային մարզադաշտի վերակառուցումը։

Մենք աջակցում ենք նաև Ագարակի և Մեղրիի մշակութային ու հասարակական նախաձեռնություններին։ Կարծում ենք, որ ձեռնարկության սոցիալական պատասխանատվությունը չի սահմանափակվում առանձին ծրագրերի ֆինանսական աջակցությամբ։ Այն առաջին հերթին մարդկանց և համայնքի հետ մշտական ու կառուցողական համագործակցությունն է։

Ինձ համար հատկապես կարևոր է, որ Հայաստանում մեզ հաջողվել է կառուցողական աշխատանքային երկխոսություն ձևավորել պետական մարմինների, տեղական համայնքների և ձեռնարկության աշխատակիցների հետ։ Հենց նման համագործակցությունն է հնարավորություն տալիս լուծել բարդ խնդիրները և հիմք ստեղծել երկարաժամկետ զարգացման համար։

— Ձեր կարծիքով՝ ո՞րն է Հայաստանի հանքարդյունաբերության հաջող ապագայի գլխավոր նախապայմանը։

— Ես կառանձնացնեի երեք հիմնական գործոն՝ ժամանակակից տեխնոլոգիաներ, պրոֆեսիոնալ կադրեր և ոլորտի զարգացման նկատմամբ պատասխանատու մոտեցում։

Մենք պետք է շուկայական բարենպաստ ժամանակաշրջաններն օգտագործենք ոչ թե միայն ընթացիկ ցուցանիշները բարձրացնելու, այլ ապագայի մեջ ներդրումներ կատարելու համար։ Այդ պատճառով էլ շարունակում ենք արդիականացումը նույնիսկ շուկայական բարենպաստ պայմանների ժամանակ։

Անհրաժեշտ է պատրաստել երիտասարդ մասնագետներ, զարգացնել երկրաբանական դպրոցը, ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ և միաժամանակ բարձրացնել բնապահպանական ու սոցիալական չափանիշները։

Եթե ոլորտը զարգանա այս ուղղությամբ, այն կկարողանա շարունակել մնալ Հայաստանի տնտեսության կարևոր բաղադրիչներից մեկը և երկարաժամկետ արժեք ստեղծել ոչ միայն ձեռնարկությունների, այլև այն տարածաշրջանների համար, որտեղ դրանք գործում են։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի   Հանքարդյունաբերության և մետալուրգիայի միությանը 20-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Մաղթում եմ Միությանը նոր մասնագիտական ձեռքբերումներ, հաջողված ծրագրեր և ոլորտային համայնքի հետագա ամրապնդում։ Համոզված եմ, որ համատեղ աշխատանքն ու բաց երկխոսությունը թույլ կտան Հայաստանի հանքարդյունաբերությունը դարձնել առավել ժամանակակից, կայուն և մրցունակ։