Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Prof Al–ի փոխտնօրեն. արդյունավետ ճգնաժամային մենեջմենթի և պետության աջակցության բացակայության դեպքում աղետալի հետևանքներն անխուսափելի կլինեն

30.03.2020, 11:41
«Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանի հարցազրույցը` «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալություններին #SaveBusiness հատուկ նախագծի շրջանակում
Prof Al–ի փոխտնօրեն. արդյունավետ ճգնաժամային մենեջմենթի և պետության աջակցության բացակայության դեպքում աղետալի հետևանքներն անխուսափելի կլինեն

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./ԱՌԿԱ/. «Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանի հարցազրույցը` «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալություններին #SaveBusiness հատուկ նախագծի շրջանակում։ 

Ինչպե՞ս է փոխվել «Պրոֆ Ալ» ընկերության գործունեությունը Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածումից հետո:

Է. Ավետիսյան. Կորոնավիրուսի պանդեմիան բնականաբար իր անմիջական ազդեցությունն ունեցավ բոլոր ոլորտների և առաջին հերթին բիզնեսի վրա։

«Պրոֆ Ալ» ընկերության դեպքում առաջինը տուժեց ցուցասրահների աշխատանքը․ այցելություններն էականորեն պակասեցին, վաճառքներն անհամեմատ նվազեցին։ Արտադրության տեմպերը ևս կտրուկ անկում ապրեցին։ Այդուհանդերձ, ստեղծված իրավիճակում մինչև վերջին շաբաթը մեր ընկերությունը դեռ շարունակում էր իր աշխատանքը։ Հոգալով մեր աշխատակիցների և հաճախորդների առողջութան, անվտանգության և հարմարավետության մասին՝ այդ օրերին սահմանեցինք ուժեղացված հսկողություն սանիտարական նորմերի և կանոնների պահանջների կատարման նկատմամբ և ձեռնարկեցինք համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ։

Արդեն մարտի 24-ին, երբ Պարետն ընդունեց առևտրի կենտրոնների տնտեսական գործունեության արգելման վերաբերյալ որոշում, կարճ ժամանակով դադարեցրեցինք Prof Al և Prof Al Home ցուցասրահների, ինչպես նաև ամբողջ ընկերության գործունեությունը։ 

Prof Al (8).jpg

Ինչպե՞ս կբնութագրեք իրավիճակը ձեր ոլորտում: Կա՞ արդյոք կորոնավիրուսով պայմանավորված ոլորտին պատճառված վնասի նախնական հաշվարկ:

Է. Ավետիսյան. Ֆինանսական հաշվարկներ  անելու համար շատ վաղ է, նախնական պատկեր կունենանք համաճարակի ավարտից հետո միայն։ Միանանշանակ, շինարարական, ճարտարապետական ընկերությունները և առհասարակ բիզնես ոլորտը զգալիորեն կտուժեն, ինչն անհետևանք չի մնա, եթե հաշվի առնենք, որ տնտեսության կայուն զարգացումը պայմանավորված է մեծամասամբ այս ոլորտների անխափան աշխատանքով։

Ինչպես նշել եմ մի առիթով, 2019 թվականին շինարարական բում էր՝ պայմանավորված հիմնականում բնակարանաշինությամբ։ Եկամտահարկի մասին օրենքն էլ իր հերթին էր նպաստում բազմաբնակարան շենքերի կառուցմանը: Մեր կանխատեսումներով՝ 2020 թվականը նույնպես բեկումնային էր լինելու։

Բայց հիմա եկեք մի պահ պատկերացնենք իրավիճակ, երբ մարդը չի գնում աշխատանքի, չի ստանում աշխատավարձ, չի կարողանում վարկային տոկոսները վճարել, այս պարագայում ոչ ոք բնակարաններ ձեռք բերելու ռիսկի չի գնա, բնակարանները չեն վաճառվի, հետևաբար  շինարարությունն ուղղակի կանգ կառնի։

Ինչպե՞ս եք պատրաստվում դուրս գալ այս իրավիճակից:

Է. Ավետիսյան. Մենք համաշխարհային տնտեսական ճգնաժամի առաջ ենք կանգնած։ Նման դեպքերում յուրաքանչյուր կազմակերպության՝ տեղական, թե արտերկրյա, հետագա գործունեությունը կախված է այդ պահին իրականացվող ճիշտ և արդյունավետ ճգնաժամային մենեջմենթից։ Շատ կարևոր է գործել արագ և հասկանալ, թե կազմակերպության ռեսուրսները  կոնկրետ որ ուղղության մեջ ներդնել:

«Պրոֆ Ալ» ընկերությունն այս պահին գործունեությունը կենտրոնացրել է  արտահանման ուղղությամբ և հանձն առել ավելի մեծածավալ ու երկարատև համագործակցություն ենթադրող նախագծեր: Ընդ որում, երբ Հայաստանում օրենքով կրկին կթույլատրվի տնտեսական գործունեություն ծավալել, տեղական շուկայի համար ևս հանդես կգանք  լայնամասշտաբ նախագծերով, որոնք մեզ  երկարաժամկետություն կապահովեն։ Փորձելու ենք անել առավելագույնը, որպեսզի մեր ընկերության և ոչ մի աշխատակից հարկադրված կրճատման չենթարկվի, հատկապես, երբ «Պրոֆ Ալ»–ի ողջ պատմության ընթացքում նման բան չի եղել՝ նույնիսկ 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում։

Prof Al (3).jpg

Որևէ աջակցություն ակնկալու՞մ եք պետությունից։ Կոնկրետ ի՞նչ միջոցառումներ կկարողանային աջակցել ձեր բիզնեսին այս իրավիճակում։

Է. Ավետիսյան. Հիմա շատ է քննարկվում փոքր և միջին բիզնեսներին ինչ-որ կերպ աջակցելու մասին հարցերը, բայց չմոռանանք, որ  խոշոր բիզնեսները նույնպես ունեն դրա կարիքը, գուցե և ավելի շատ։ Ճիշտ է՝ խոշոր ձեռնարկությունները գեներացնում են մեծ եկամուտներ, որպես կանոն,  ունենում են նաև կուտակած ֆոնդ, որտեղից էլ վճարում են աշխատավարձերը և ընթացիկ ծախսերը՝ դուրս գալով նմանատիպ իրավիճակներից։ Բայց, կարծում եմ, սա չի վերաբերում հայաստանյան ընկերություններին, որոնց մեծ մասը կախում ունի երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից, մյուս ոլորտների և ճյուղերի զարգացումից։ Այս տեսանկյունից կարող ենք փաստել՝ հայաստանյան ոչ բոլոր բիզնեսները կարող են հաղթահարել ստեղծված իրավիճակը, քանի որ դրանք հիմնականում գոյատևում են վարկային ֆինանսավորումների միջոցների հաշվին։ Երբ կան դրամական խոշոր ելքեր՝ պետք է վճարել աշխատավարձեր, հարկեր ու վարկեր, բայց  չկան դրամական հոսքեր, այդ բիզնեսը կարող է փակման  եզրին հայտնվել:

«Պրոֆ Ալ» ընկերությունն այս պահին  սառեցրել է  բազմաթիվ խոշոր նախագծեր, բայց մենք շարունակում ենք բարեխղճորեն վճարել թե՛ վարկերը, թե՛ մեր աշխատակիցների աշխատավարձերը և թե ՛ եկամտային հարկերը՝ չնայած որ մեր առևտրաշրջանառությունը էականորեն նվազել է:

Prof Al (2).jpg

Ցավոք, մեր երկիրը տնտեսապես այնքան հզոր չէ, որպեսզի կառավարությունն իրեն թույլ տա անհատույց օգնություն բաժանել, ինչպես անում են գերտերությունները: Այնուամենայնիվ,  պետության կողմից որոշակի աջակցությունը՝ վարկային և հարկային արտոնությունների սահմանումը, վարկային արձակուրդները, ընդ որում թե՛ տոկոսների և թե՛ մայր գումարների դեպքում, եկամտային հարկերի ժամանակավորապես սառեցումը, կարող են ինչ-որ չափով մեղմել բիզնեսների կրած վնասները։

Աշխարհը վերադասավորվում է, և շուտով մարդկանց ընկալումներում շատ բան է փոխվելու՝ բիզնեսների ռազմավարություններից մինչև սպառողների վարքագիծը և ապրանքների պահանջարկը։ Իմ կարծիքով, այն ընկերությունները, որոնք այսօր կկարողանան հաղթահարել ոլորտի մարտահրավերներն ու խնդիրները, հետագայում նրանց համար լայն հնարավորություններ կստեղծվեն և նոր դռներ կբացվեն ամբողջ աշխարհում։ Բայց եթե հիմա երկրի մակարդակով արդյունավետ ճգնաժամային մենեջմենթ չիրականացվի, և պետությունը համապատասխան աջակցություն չցուցաբերի, աղետալի հետևանքներն անխուսափելի կլինեն։

Ամեն դեպքում  չենք հուսահատվում, մասնավոր ոլորտի և պետության արդյունավետ համագործակցության և համախմբվածության շնորհիվ մեզ կհաջողվի  հաղթահարել ցանկացած դժվարություն։

Հուսանք, որ այս ամենը շուտով կավարտվի, և նորից կաշխատենք բնականոն հունով:–0–