Աբխազիայի միջով երկաթուղու վերականգնումը քննարկելը դեռ վաղ է, Վրաստանի վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չորեքշաբթի ասուլիսում հայտարարել է, որ Աբխազիայի միջով երկաթուղին անպայման կվերականգնվի, սակայն ներկա պահին այդ հարցը քննարկելը դեռ վաղ է, հաղորդում է«Նովոստի-Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
«Իհարկե, ճանապարհը պետք է բացվի, և այն կբացվի։ Այդ ճանապարհը կլավացնի հարաբերությունները Աբխազիայի հետ և կբարելավի տնտեսությունը։ Սակայն ցավոք, շատ հաճախ այն, ինչ լավ է տնտեսության համար, վատ է քաղաքականության համար։ Կարծում եմ, որ այդ հարցը չափազանց քաղաքականացված է։ Ճանապարհի բացումը պետք է տեղի ունենա այն ժամանակ, երբ այդ հարցը իրարանցում չի առաջացնի»,- հայտարարել է Իվանիշվիլին։
2012 թվականի հոկտեմբերի վերջին Վրաստանի վերաինտեգրացիայի նախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել էր, որ վրացական իշխանությունները պատրաստ են վերականգնել Ռուսաստանի հետ հաղորդակցությունը «Աբխազիայի ապամեկուսացման ռազմավարության» շրջանակներում։
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, Երևան կատարած այցի ընթացքում, հունվարի 17–ին հայտարարել էր, որ հնարավոր է համարում Աբխազական երկաթուղային հատվածի աշխատանքի վերականգնումը մի շարք խնդիրների լուծման և կամքի առկայության դեպքում։
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր հերթին հայտարարել էր, որ երկաթուղու աշխատանքի վերականգնումն ավելի շատ բխում է Ռուսաստանի, քան Վրաստանի շահերից, և այդ պատճառով հարցը կարող է դիտարկվել միայն Վրաստանի տարածքային ամբողջականության խնդրի լուծումից հետո, «քանի որ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը փաստացիորեն Ռուսաստանի կողմից Աբխազիայի ճանաչման օրինականացումն է»։ -0-