ՀՀ նախագահը կոչ է արել Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը և համատեղ աշխատել
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ի պատասխան «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից իրեն ներկայացրած առաջարկների` նրան նամակ է ուղարկել, որտեղ կոչ է արել դադարեցնել հացադուլը և համատեղ աշխատել։
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ուրբաթ կայացած հանրահավաքի ժամանակ ընթերցեց ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանին ուղղված նամակը, որտեղ նա կոչ է անում գործող իշխանությանը ութ պետական պաշտոններում նշանակել իր կողմնակիցներին։
«Դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք, և մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը»,– Սարգսյանի նամակի տեքստը մեջբերեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հովհաննիսյանին «մեր հանդիպման ժամանակ արված իմ առաջարկությունը վերջապես ընդունելու և Ձեր մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար»։
«Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից և ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար»,– գրել է նախագահը։
Պետության ղեկավարը նաև գոհունակություն է հայտնել, որ Հովհաննիսյանն ունի նաև ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն, «և այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են»։
«Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք»,– ասվում է պետության ղեկավարի նամակում։
Փետրվարի 25–ին հրապարակված ԿԸՀ վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, գործող նախագահ Սերժ Սարգսյանը հաղթել է ընտրությունների առաջին փուլում` հավաքելով ընտրողների ձայների 58,64%–ը։ Հովհաննիսյանը հավաքել է ձայների 36,74%։ Հովհաննիսյանը փետրվարի 20-ից բողոքի ցույցեր էր կազմակերպում Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում` բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, իսկ մարտի 10-ից հացադուլ է անում Ազատության հրապարակում։ --0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:20 25.03.2013