ՀՀ նախագահի նախկին թեկնածուն մեղադրվում է Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ. ԱԱԾ
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել «Ազգային ինորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հաղորդագրության համաձայն` «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի դեմ սպանություն կատարելու դեպքով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով սույն թվականի մարտի 5-ին ՀՀ քր. օր-ի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Վարդան Սեդրակյանին:
Նույն օրը վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը և Վ. Սեդրակյանի հանդեպ խափանման միջոց կիրառել կալանավորումը երկու ամիս ժամկետով:
Սեդրակյանը չի ճանաչում իր մեղքը և հրաժարվում է ցուցմունք տալ։
Սեդրակյանի անունը հայտնվել է մեկ այլ թեկնածուի` «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատամամբ մահափորձ կատարելու մասին գործում։ ԶԼՄ–ները տեղեկացնում էին, որ այդ գործով ձերբակալված երկու տղամարդիկ Սեդրակյանի մոտ են աշխատել։ Էպոսագետն ինքը նախկինում հերքել է մահափորձի գործում իր առնչությունը, սակայն, չի բացառել, որ հնարավոր է ձերբակալվի ընտրություններից հետո։ --0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:17 06.03.2013