Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջադրվել է նախագահի թեկնածու
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ազատություն» կուսակցության համագումարի պատվիրակները երկուշաբթի հաստատեցին կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնի համար, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Համագումարի ընթացքում Բագրատյանը տեղեկացրեց, որ «Ազատություն» կուսակցությունը դուրս չի եկել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից, այլ սառեցրել է իր մասնակցությունը, քանի որ «միայն իշխանափոխության գաղափարի վրա հիմնվող կառույցը չի կարող երկար գոյատևել»։
«Ուզում եմ նշել, որ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ ես հիանալի հարաբերություններ ունեմ, մենք խնդիրներ չունենք և չենք ունենա, հավաստիացնում եմ, որ իմ առաջադրումը ոչ մի կերպ չի հանգեցնի նրան, որպեսզի մեր ճանապարհները խաչվեն։ Մենք չենք խանգարի միմյանց, սակայն կյանքն առաջ է ընթանում, և իմ նպատակն է լիբերալ քաղաքական ուժերից թիմ ստեղծելը։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի վերջապես Հայաստանի քաղաքական դաշտում լիբերալ ուժերի հզոր համագործակցություն ձևավորվի»,– ասաց նա։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013թ.-ի փետրվարի 18-ին: Թեկնածուների գրանցման ժամկետ է հաստատվել հունվարի 4-14-ն ընկած ժամանակահատվածը, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ին և կտևի մինչև փետրվարի 16-ը՝ ժամը 24:00-ն:
ՀՀ ներկա նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկա ընտրությունների գլխավոր ֆավորիտն է։ Դեկտեմբերի 15–ին Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրեց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Ընտրություններին Սարգսյանը գնալու է «Դեպի ապահովված Հայաստան» կարգախոսով։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից ընտրություններին առաջադրվելու մերժումից հետո պետության գործող ղեկավարը դեռ լուրջ մրցակիցներ չունի։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:14 24.12.2012