Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հարցված հայերի ավելի քան 65 տոկոսը կողմ է ՄՄ–ին Հայաստանի միանալուն. ԶԵԱԲ հարցում

24.09.2013, 16:57
Մաքսային միությանը Հայաստանի միանալը դրական է գնահատում Հայաստանի հարցված քաղաքացիների 67 տոկոսը։ Այս մասին վկայում են Զարգացման եվրասիական բանկի կողմից կազմակերպված «ԶԵԱԲ ինտեգրացիոն բարոմետր 2013» հարցման արդյունքները։

Հարցված հայերի ավելի քան 65 տոկոսը կողմ է ՄՄ–ին Հայաստանի միանալուն. ԶԵԱԲ հարցում
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միությանը Հայաստանի միանալը դրական է գնահատում Հայաստանի հարցված քաղաքացիների 67 տոկոսը։ Այս մասին վկայում են Զարգացման եվրասիական բանկի կողմից կազմակերպված «ԶԵԱԲ ինտեգրացիոն բարոմետր 2013» հարցման արդյունքները։
 
«Հայերի 67 տոկոսն աջակցում է ՄՄ–ին Հայաստանի անդամակցությանը։ Դեմ է ընդամենը 5 տոկոսը։ Ամեն դեպքում, մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկրում բացասական վերաբերմունքի հատված գրեթե չկա», – ասել է Զարգացման եվրասիական բանկի Ինտեգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Ռուսաստանի մասնակցությամբ կայացած տեսակամրջի ընթացքում, որը կազմակերպվել է «ԶԵԱԲ ինտեգրացիոն բարոմետր 2013» ծրագրի արդյունքները ներկայացնելու համար։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը և հետագայում մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Մինչ այդ նախատեսվում էր, որ  Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում կնախաստորագրի ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրն ու «Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու» համաձայնագիրը, որոնց նպատակն է Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, և Բելառուսի հետ ԵՄ–ի մերձեցումը` առանց այդ երկրների` կազմակերպության կազմում  ընդգրկվելու։

Ուսումնասիրության մեջ ամփոփվել են ԱՊՀ 11 երկրներում և Վրաստանում հարցումների (ավելի քան 14 հազար մարդ) արդյունքները։ Հարցման ընթացքում հաշվի է առնվել հարցվածների սեռը, տարիքն ու բնակության աշխարհագրությունը։

Համեմատելով «Բարոմետր 2013»–ի արդյունքները նախորդ տարի անցկացված նմանատիպ ուսումնասիրության տվյալների հետ` «Եվրասիական մոնիտոր» գործակալության տնօրեն Իգոր Զադորինը նշել է, որ «Բարոմետրի» երկրորդ ալիքը հաստատել է նախորդ տարվա արդյունքը` որոշ բացառությամբ։ «Վրաստանում հանկարծակիորեն հայտնաբերվել է դեպի հետխորհրդային տարածք ընթացող դինամիկա, իսկ Մոլդովայում այս տարի մեծ մասամբ  ուղղությունը դեպի Եվրոպա է», – ասել է նա։

Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։ ԶԵԱԲ–ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։-0-