Հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածուն համաձայնել է համալիր բուժզննում անցնել
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հացադուլ անցկացնող Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը համաձայնել է առաջիկայում համալիր բուժզննում անցնել հիվանդանոցում` առողջական վիճակը գնահատելու նպատակով, ուրբաթ թեկնածուի հետ կայացած հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրեց հանրապետության առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։
«Մենք պայմանավորվեցինք, որ առաջիկայում ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը համալիր բուժզննում կանցնի հիվանդանոցում։ Բանն այն է, որ քաղցի 20 օրից հետո օրգանիզմում կարող են լուրջ փոփոխություններ տեղի ունենալ, և մենք պարտավոր ենք այդ մասին տեղեկացնել պարոն Ղուկասյանին։ Նա խոստացավ մինչև օրվա վերջ հայտնել օրը, ժամը, նույնիսկ հիվանդանոցը, որտեղ նա ցանկանում է բուժզննում անցնել»,– ասաց Դումանյանը։
Ըստ նրա` բուժզննումը կանցկացնեն լավագույն մասնագետները։
«Բժիշկների բրիգադը շարունակում է շուրջօրյա հերթապահությունը և անհրաժեշտության դեպքում, եթե կյանքին վտանգ սպառնա, մենք կմտածենք հիվանդանոց տեղափոխելու մասին։ Եթե նա ի վիճակի լինի իր կարծիքը հայտնել, մենք նրան տեղյակ կպահենք, եթե ոչ, ապա մենք պարտավոր ենք նրան հիվանդանոց տեղափոխել»,– ավելացրեց նախարարը։
Դումանյանը տեղեկացրեց նաև, որ թեկնածուի առողջական վիճակի վերաբերյալ տվյալները նա ստանում է օրը մի քանի անգամ։ Նա հաստատեց նաև, որ Ղուկասյանի վիճակը համապատասխանում է 19 օր հացադուլ անցկացնող մարդու վիճակին։
Միաժամանակ նախարարն ընդգծեց, որ մեկամսյա հացադուլից հետո օրգանիզմի համար հետևանքներն անշրջելի են լինում։
«Ես խնդրեցի պարոն Ղուկասյանին դադարեցնել հացադուլը, սակայն նա քաղաքական որոշում է կայացրել»,– ասաց Դումանյանը։
«Radio Hay»–ի ղեկավար Անդրիաս Ղուկասյանն անժամկետ հացադուլ է անցկացնում հունվարի 21–ից։ Նա հայտարարել է ընտրությունների անօրինականության մասին` իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից վարչական ռեսուրսների օգտագործման պատճառով։ Հացադուլի նպատակն է խթանել հանրային ակտիվությունը` արդար ընտրություններ անցկացնելու նպատակով։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:52 08.02.2013