Մեծ Բրիտանիան աջակցում է ղարաբաղյան հակամարտության ԵԱՀԿ ՄԽ ջանքերին. ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիան աջակցում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, Լոնդոնում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդման համաձայն` հանդիպման ընթացքում Նալբանդյանը նշեց, որ բանակցային գործընթացում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել Ադրբեջանի կողմից համապատասխան քաղաքական կամքի և կառուցողականության դրսևորման պարագայում։
Մեծ Բրիտանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ ունեցավ Լորդերի պալատում կառավարության խոսնակ լորդ Ուիլյամ Ուոլեսի հետ, որի ընթացքում քննարկման առարկա դարձան եվրոպական օրակարգի հարցերը, հայ-բրիտանական հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ:
Էդվարդ Նալբանդանի հանդիպեց Լորդերի պալատի խոսնակ Ֆրանսես դ՛Սուզայի հետ, որին մասնակցում էր նաև Լորդերի պալատի անդամ, հայ-բրիտանական բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսը։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանը, գոհունակությամբ նշվեց, որ վերջին տարիներին այդ ձևչափով կապերն ակտիվացել են:
Լորդերի պալատի խոսնակի խնդրանքով` նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հայկական սփյուռքի դերակատարությունը Հայաստանի զարգացման գործընթացում:
Բրիտանական խորհրդարանում նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ տարբեր կուսակցություններ ներկայացնող, Հայաստանի հետ բարեկամական խմբին անդամակցող խորհրդարանի մի շարք անդամների հետ։ Երեքժամանոց հանդիպմանը տեղի ունեցավ մտքերի շահագրգիռ փոխանակում հայ-բրիտանական համագործակցության, Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումների շուրջ։
Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկ, որտեղ հանդիպում ունեցավ բանկի ղեկավար անձնակազմի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներին, ներդրումային դաշտին, գործարար միջավայրին, մտքեր փոխանակվեցին տնտեսական զարգացման վրա տարածաշրջանային խնդիրների ազդեցության շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաև ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության ղեկավար Ռոբերթ Ուոլթերսի հետ, ում հետ քննարկեց Եվրախորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթություններն ու ծրագրերը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:29 21.05.2013