Ուրուգվայը կարող է առաջին երկիրը դառնալ, որը կճանաչի Ղարաբաղը. ուրուգվայցի պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ուրուգվայը կարող է առաջին երկիրը դառնալ, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղը, երեքշաբթի երեկոյան Ստեփանակերտում ասել է հայ-ուրուգվայական միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ, Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռուբեն Մարտինես Ուելմոն:
Ինչպես հաղորդում է «Երկիր Մեդիա» հեռուստաալիքը՝ պատասխանելով լրագրողներին այն հարցին, թե արդյոք Ուրուգվայը, որն աշխարհում առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, կարո՞ղ է նաև առաջին երկիրը դառնալ, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Ուելմոն ընդգծել է. «Կարող եմ անկեղծ ասել... Տեսականորեն պատասխանը` այո: Սակայն դա քաղաքական գործընթաց է և պետք է աստիճանաբար ընթանա: Բոլոր քայերըլ մենք պետք է ընդհանրացնենք և ներկայացնենք փաստարկներ, դրանք ներկայացնենք քաղաքական ուժերին»:
Նա ընդգծել է, որ Արցախ այցելությունը հատուկ քաջություն չի պահանջում և պարզ քայլ է: «Մենք հայ ժողովրդի բարեկամներն ենք»,- Խորխե Օրիկոյի գլխավորած Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամների հետ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումից հետո ասել է Ուելմոն:
Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Բակո Սահակյանը նշել է, որ Արցախն ու Ուրուգվայը բարեկամ երկրներ են, որոնք ունեն բազմաթիվ նմանություններ թե՛ իրենց պատմության, թե՛ պետականաշինության փիլիսոփայության տեսանկյունից, ինչը բարենպաստ նախադրյալներ է ստեղծում երկու պետությունների միջև փոխգործակցության զարգացման համար:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ուրուգվայի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաև նրա հավասարակշռված քաղաքականությունն Արցախի Հանրապետության ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
Երկուստեք նշվել է երկու երկրների միջև կապերի խորացման կարևորությունը և այս ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Չորեքշաբթի նախատեսվում է նրա հանդիպումը ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ինչպես նաև պատգամավորների հետ, որից հետո Ուրուգվայի խորհրդարանի նախագահը ելույթ կունենա ԼՂՀ ԱԺ-ում: --0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:48 14.11.2012