Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Ռաֆֆի Հովհաննիսյանը քվերակեց ՀՀ նախագահական ընտրություններին

18.02.2013, 11:57
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկեց ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ և պետության գործող նախագահին կոչ արեց ընդունել ժողովրդի հաղթանակը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։
Ռաֆֆի Հովհաննիսյանը քվերակեց ՀՀ նախագահական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկեց ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ և պետության գործող նախագահին կոչ արեց ընդունել ժողովրդի հաղթանակը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։

Նախագահական ընտրություններն անցկացվում են երկուշաբթի` փետրվարի 18–ին, Հայաստանի 1988 ընտրատեղամասերում։

 «Այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը նշում է իր հոգևոր արշալույսը։ Սա ամենաորոշիչ օրն է երկրի նորագույն պատմության մեջ։ Վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ հայ ժողովուրդը կտոնի ոչ թե մեկի հաղթանակը կամ մյուսի պարտությունը, այլ սեփական հաղթանակը»,–մայրաքաղաքի 10/06 ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողներին ասաց նա։

Նա ողջունեց բոլոր թեկնածուներին և նշեց, որ իր կարծիքով` առավել քան ակնհայտ է, որ ժողովուրդն արդեն արել է իր ընտրությունը։

«Ես կոչ եմ անում իմ հիմնական մրցակից, ՀՀ գործող նախագահին ճանաչել ժողովրդի հաղթանակը։ Ավելի հերոսական, քան այն մեծ ավանդը, որ ինքն ունեցել է արցախյան ազատամարտում, կլինի իր կողմից ժողովրդի հաղթանակի ընդունումը»,– ասաց Հովհաննիսյանը։

Թեկնածուն նշեց նաև, որ իր շտաբում արդեն տեղեկատվություն է ստացվում քվեարկության ընթացքում կեղծումների և խախտումների մասին։ Մասնավորապես` դա վերաբերում է կրկնակի քվեարկություններին, ընտրակաշառաքների բաժանմանը։

Նա նշեց, որ այսօրվա ողջ օրը կանցկացնի իր ընտանիքի հետ, կայցելի իր շտաբ, իսկ վերջնական գնահատականը կտա վաղը` փետրվարի 19–ին, ժամը 17։00–ին հանրահավաքի ժամանակ։

Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն` համահանրապետական ընտրություններին կարող է մասնակցել 2 505 980 ընտրող:

Ընտրություններին հետևելու է 26 տեղական հասարակական կազմակերպություններից 6251 ներկայացուցիչ և տասներկու միջազգային կազմակերպություններից 632 դիտորդ, որոնց թվում են` ԺՄՀԻԳ/ԵԱՀԿ, ԱՊՀ առաքելությունը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը (ICES) և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES):

Հայկական օրենսդրության համաձայն` ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 19-ին` ժամը 20:00-ից ոչ ուշ, իսկ վերջնական արդյունքները` յոթ օրից:

Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ -0-