Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

Վեց թեկնածուներ դուրս են գալիս ՀՀ նախագահական մրցապայքարից

10.01.2013, 15:58
ՀՀ նախագահի թեկնածու գրանցելու համար ԿԸՀ–ին փաստաթղթեր ներկայացրած վեց քաղաքացիներ դուրս են գալիս նախընտրական պայքարից։
Վեց թեկնածուներ դուրս են գալիս ՀՀ նախագահական մրցապայքարից
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/.  ՀՀ նախագահի թեկնածու գրանցելու համար ԿԸՀ–ին փաստաթղթեր ներկայացրած վեց քաղաքացիներ դուրս են գալիս նախընտրական պայքարից։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, ընտրական գրավը չեն վճարել «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, թոշակառու Պավլիկ Սարգսյանը, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, «Հայ–ռուսական հասարակական միավորման» առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանը, Հայաստանի մարտական կարատեի կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Ռուբեն Այվազյանը։

Վերջին երեքն ավելի վաղ հայտնել էին նախագահական մրցավազքի մասնակցությունից հրաժարվելու մասին։

Եվս մեկ թեկնածուի` գործազուրկ Մհեր Հայրապետյանի ընտրագրավի վճարման մասին անդորրագրի ներկայացման ժամկետը լրանում է ժամը 15։00–ին։ Ավելի վաղ Հայրապետյանը 1000 դրամ (2,5 դոլար) վճարման անդորրագիր ներկայացրեց և խնդրեց ԿԸՀ–ին նվազեցնել ընտրական գրավի գումարը` մինչև 50 հազար դրամով (120 դոլար)` հաշվի առնելով սոցիալական դրությունը, ինչը նրան մերժեցին։

Ընտրական Օրենսգրքի համաձայն, գրանցման փաստաթղթերի հետ թեկնածուները պարտավոր են տվյալներ ներկայացնել թեկնածուի լիազոր ներկայացուցչի, ընտրագրավի վճարման անդորրագիր, Հայաստանում տասը տարի բնակվելու մասին տեղեկանք, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը։ Այդ փաստաթղթերից մեկի բացակայության դեպքում ԿԸՀ–ն մերժում է թեկնածուների գրանցումը։

ՀՀ նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18–ին։ Փաստաթղթերի ընդունումն ավարտվել է անցյալ ուրբաթ ժամը 18։00–ին։ Հունվարի 4–ից մեկնարկել է թեկնածուների գրանցման գործընթացը, որը կտևի մինչև հունվարի 14–ը։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21–ին և կավարտվի փետրվարի 16–ին ժամը 24։00–ին։

Այսպիսով, ըստ նախնական տվյալների, ՀՀ նախագահի պաշտոնի համար պայքարը կշարունակեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ –0–